Մենք առ այսօր «փրկիչների» արժեվորման մտածողության տիրույթում ենք, իսկ «փրկիչն» էլ՝ «մեզ էլ ինչ կտա՝ կտա»

Հայաստանում աշխատանքը գնահատվող երեւույթ չէ: Հասկանալի է, որ խոսքը բացարձակ բոլորի մասին չէ, բայց աշխատանքը ինքնին գնահատելի արժեք չէ:
Գնահատվում է աշխատանքի իմիտացիան, եւ աշխատանքի «կատեգորիան», որն արդեն ոչ թե աշխատանքի գնահատական է, այլ ըստ էության սոցիալական կատեգորիայի:
Եթե Հայաստանում աշխատանքը լիներ գնահատելի արժեք ինքնին, ապա բոլորովին այլ կլիներ Հայաստանի ընթացքը թե հասարակական համակեցության մշակույթի, թե հասարակական-քաղաքական, տնտեսական զարգացումների:
Այդ իրավիճակի գլխավոր պատասխանատուն, ըստ իս, այսպես ասած տնտեսական վերնախավն է: Այդ վերնախավը պետք է ձեւավորեր աշխատանք երեւույթի հանրային արժեքը, լիներ դրա ձեւավորմամբ շահագրգռված: Բայց հենց այդ վերնախավն է խթանել իմիտացիայի «արժեքը», որովհետեւ ինքն էլ գործնականում զբաղված է եղել իմիտացիայով՝ «քաղաքականության մեջ լինելով՝ բիզնեսով չզբաղվելու իմիտացիա», զուգահեռ՝ «իրականում բիզնեսով զբաղվելով՝ քաղաքականության մեջ լինելու իմիտացիա», «բարեգործության իմիտացիա», «հայրենասիրության» իմիտացիա, «պետականապաշտության» իմիտացիա:
Այս վիճակն է ըստ էության առ այսօր:
Քաղաքական վերնախավի մասին խոսելը թերեւս ընդհանրապես ավելորդ է, թե երեկ, թե այսօր:
Առավոտից երեկո կարող ես լսել «դասախոսություններ» արեւմտյան արժեքների, մարդու իրավունքների, խոսքի ազատության, ժողովրդավարության եւ այլնի մասին:
Մինչդեռ, արեւմտյան հասարակարգերի արդյունավետության եւ առաջընթացի, արդիականության հիմքում եղել է աշխատանքի արժեվորումը, աշխատանքը արժեք դարձնելը: Այդ աշխատանքը, բարեխղճությունը, պարտաճանաչությունը արժեվորելը, հանրային գնահատելի արժեք դարձնելն ու իմիտացիայի մերժումն է, որ եղել է արդիականության հիմքում:
Այդ արդիականությունը կառուցվել է երեւույթների արժեվորման վրա: Մենք առ այսօր «փրկիչների» արժեվորման մտածողության տիրույթում ենք, իսկ «փրկիչն» էլ՝ «մեզ էլ ինչ կտա՝ կտա»:
«Փրկիչներն» էլ բնականաբար գործնական ոչինչ չեն անելու այնպիսի իրական միջավայր ու կենսատարածություն ձեւավորելու համար, որտեղ որեւէ բան տվողը լինի միայն ու միայն աշխատանքը: Որովհետեւ այդ դեպքում իրենք դառնալու են ավելորդ, այդ դեպքում «փրկիչը» դադարելու է լինել արժեք, մարդիկ դադարելու են «փրկիչ» փնտրել ու սպասել:
Այստեղ կա լռելյայն կոնսենսուս բոլոր «էլիտաների» միջեւ:

Կիսվել սոց․ ցանցերում