Փողից ոչ պակաս կարեւորը հենց պետականության հանդեպ հասարակության մտածողական ելակետերն են

Լոռվա նախկին մարզպետը, որ աշխատանքից ազատվեց «դպրոց-կախիչ-ցնցուղ» տեսարանից կարճ ժամանակ անց, նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական:
Հայաստանում խորհրդականների ինստիտուտը շարունակում է լինել ընդամենը ընդամենը ներքաղաքական եւ ներիշխանական կոնյուկտուրան սպասարկելու ռեսուրս, ոչ ավելի: Այդ ինստիտուտը բացարձակապես չունի պետական կառավարման մասնագիտական էֆեկտիվությունը բարձրացնելու իմաստ կամ նպատակ:
Հակառակ պարագայում, այն չէր լինի տարբեր անհասկանալի պատճառներով պաշտոնանկ լինող պաշտոնյաների՝ ուշ, թե շուտ հանգրվան:
Ընդհանրապես, անհրաժեշտ է թերեւս օրենսդրորեն հստակ կարգավորել խորհրդականների ինստիտուտը, ամրագրել հստակ սահմանափակումներ եւ ֆունկցիոնալ սահմանումներ:
Եվ բանն այստեղ բոլորովին այն չէ, որ շատ դեպքերում խոսքը հասարակական հիմունքներով խորհրդականի մասին է եւ այսպես ասած՝ չի վճարվում պետբյուջեից: Նախ, այդուհանդերձ, թեկուզ նվազագույն, բայց խորհրդականի վրա ծախսվում է պետական ռեսուրս՝ աշխատասենյակ, գույք եւ այլն, եւ երկրորդ՝ այստեղ իրավիճակը չափելի չէ լոկ փողով:
Փողից ոչ պակաս կարեւորը հենց պետականության հանդեպ հասարակության մտածողական ելակետերն են: Երբ բարձրաստիճան պաշտոնյաների խորհրդականների ինստիտուտը հանրայնորեն ըստ էության ստանում է «չուլանի» նշանակություն՝ ներողություն այդ ձեւակերպման համար, դա էապես ազդում է կառավարման համակարգի եւ պետականության հանրային ավելի լայն ընկալման վրա, գիտակցորեն կամ առնվազն ենթագիտակցորեն:
Կիսվել սոց․ ցանցերում