Մարդկանց մի զգալի մաս, որոնք այսօր անհանգստություն են հայտնում «նախկիններով», ամենեւին դեմ չեն եղել բոլոր այն դեպքերում, կամ դեպքերի մեծամասնությունում, երբ Նիկոլ Փաշինյանն է գործակցել տարբեր «նախկինների» հետ:
Ընդ որում, ինքս միանգամայն հիմնավոր եմ համարում նախկին համակարգի առնչությամ հանրային անհանգստությունները: Անտեսել դրանք, նշանակում է պարզապես անտեսել հանրությանը: Նախկին կառավարող համակարգի «ակտիվում» դնել միայն անվտանգությունն ու Արցախը, ու հանել այն համակարգային արատները, որ եղել են, նշանակում է ըստ էության վարվել ջայլամի նման:
Հետեւաբար, սա մի կարեւոր հարց է, որ պետք է լինի օրինակ Բագրատ սրբազանի հանրային խոսքի ուշադրության առարկաներից մեկը: Բանն ամենեւին այն չէ, որ սրբազանը պետք է որեւէ նախկինի թույլ չտա իրեն մոտենալ 50 կամ 100 մետրից ավելի, կամ չլինել այն փողոցներում, որոնցով քայլում է ինքը: Բայց, կրկնեմ, ըստ իսկ թեման պետք է հաշվի առնել եւ աշխատել դրա վերաբերյալ հանրության հետ երկխոսության բովանդակության վրա:
Դրանով հանդերձ, ինչպես նշել էի նաեւ նախօրեին, «իր վրա» պետք է աշխատի նաեւ հանրությունը եւ դուրս գա «նախկին»-«ներկա» տեղեկատվա-քարոզչական ծուղակից: Հայաստանը բավականաչափ փոքր է եւ ցանկացած մարդու հնարավոր է ասոցացնել որեւէ նախկինի հետ, այդ թվում նույնիսկ շատերի համար «նախկինի» անվերադարձելիության «երաշխավոր» Նիկոլ Փաշինյանին: Իսկ այդպես հնարավոր է ապրել հարյուր տարի՝ հարյուր տարի քննարկել նախկին-ներկա:
Նվազագույն լուծումը, իմ պատկերացմամբ՝ բովանդակություն քննարկելն է, արժեքային ուղենիշներ քննարկելը եւ դրանց ինստիտուցիոնալ երաշխիքների հարցեր արծարծելը: Չկան իհարկե իդեալական կամ անթերի, անվրեպ աշխատող բանաձեւեր, բայց, տեղեկատվա-քարոզչական ծուղակներից քայլ առ քայլ դուրս գալու այլ տարբերակ չեմ պատկերացնում, հատկապես այն տեղեկատվական տեխնոլոգիաների պայմաններում, որ գոյություն ունեն այսօր:
