Չպատրաստել, նաև չգնել տնային պայմաններում պատրաստված պահածո. որոնք են բոտուլիզմի հիմնական ախտանշանները

Բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը և տեսքը:

Հաշվի առնելով հիվանդության ծանր ընթացքը և հետագա բարդություններից խուսափելու նպատակով` առողջապահության նախարարությունը հորդորում է.

զե՛րծ մնալ տնային պայմաններում պահածոներ պատրաստելուց,

չգնե՛լ տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից,

հիվանդության առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմե՛լ բժշկի:

Բոտուլիզմի հիմնական ախտանշաններն են`

✔ սրտխառնոցը, փսխումները, փորլուծությունը կամ փորկապությունը, որովայնի շրջանում ցավերը,
✔ գլխապտույտը, ընդհանուր թուլությունը, բերանի չորությունը,
✔ տեսողության խանգարումը (աչքերի առջև մշուշ, ցանց), երկտեսությունը, բբերի լայնացումը, կոպի իջեցումը,
✔ խոսքի խանգարումը (խռպոտություն, ռնգախոսություն), շնչահեղձությունը, կլման ակտի խանգարումը, հավասարակողմ կաթվածը:

Բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է: Հիվանդության հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի և կանաչեղենի վրա: Նշված հարուցչի աճի ու զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, որտեղ այն բազմանում և արտադրում է թույն:

Նման պայմաններ ստեղծվում են հերմետիկ փակված պահածոներում: Հարուցչի ոչնչացումը հնարավոր է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում բարձր ճնշման (1.5-2 մթնոլորտ) և ջերմության (120-130°C) ազդեցության տակ, որոնք առկա են միայն պահածո արտադրող կազմակերպություններում։ Տանը հնարավոր չէ ապահովել նշված պայմանները:

Կիսվել սոց․ ցանցերում