ՏԵՍԱՆՅՈՒԹ․Մխիթարյանը՝ «Լացիոյի» դեմ առաջիկա խաղի և Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի մասին

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Սիմոնե Ինձագիի հետ մասնակցել է Իտալիայի Սուպերգավաթի խաղարկության «Լացիոյի» դեմ կիսաեզրափակիչ հանդիպման նախախաղային ասուլիսին:

«Առաջին անգամ եմ խաղալու այս ձևաչափով: Հարկավոր է գործադրել բոլոր ջանքերը՝ հաղթելու և եզրափակիչ դուրս գալու համար: Ուզում եմ ևս մեկ գավաթ նվաճել: Հեշտ չի լինելու, բայց մենք կպայքարենք: Ցանկանում ենք ուրախացնել երկրպագուներին ու ինքներս մեզ:

Միշտ էլ դժվար է խաղալ այնպիսի թիմի դեմ, ինչպիսին «Լացիոն» է: Նրանք ուժեղ են, իսկ եզրափակիչ ցանկանում են դուրս գալ երկու թիմերն էլ:

Մենք ցանկանում ենք հաղթել և՛ վաղվա խաղը, և՛ եզրափակիչը, որպեսզի վստահություն ձեռք բերենք առաջնությունում: Եվ դրա համար մենք ամեն ինչ կանենք»,- ասել է Մխիթարյանը:

34-ամյա Մխիթարյանը խոսել է նաև Սաուդյան Արաբիայում ֆուտբոլի մասին.

«Այն, ինչ անում է Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիան, ֆանտաստիկ է: Գաղտնիք չէ, որ այստեղ հիանալի խաղացողներ են ելույթ ունենում: Համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստներ են եկել տեղի ֆուտբոլը զարգացնելու համար: Առաջընթացը տեսանելի չի լինի մեկ կամ երկու տարում. ժամանակ է հարկավոր: Կարծում եմ՝ 5-6 տարի կպահանջվի՝ արդյունքը տեսնելու համար»:

«Ինտեր» – «Լացիո» խաղը կկայանա հունվարի 19-ին:

 

Կիսվել սոց․ ցանցերում