Հարցնում են, ինչ սպասել, ինչ ազդեցություն կունենա, ինչ արդյունք կունենա նախօրեին Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած բանաձեւը՝ Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցների կոչով, Ադրբեջանի ագրեսիան դատապարտող:
Կա պարզ պատասխան. այդ բանաձեւը կունենա ուղիղ այնքան ազդեցություն ու արդյունք, որքան ունեցան 44 օրյա պատերազմից հետո նոյեմբերի վերջին Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների ընդունած՝ Արցախի ճանաչման մասին բանաձեը, ընդ որում 1994-ի հրադադարի սահմանով, եւ 2022-ի աշնանը ընդունած բանաձեւը, որով դարձյալ դատապարտում էին Բաքվին, իսկ Ֆրանսիայի կառավարությանը կոչ էին անում Եվրոպայում առաջ տանել Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցի գաղափարը:
Չափեք, ինչ հարց լուծել, ինչ ազդեցություն ու արդյունք ունեցել են այդ երկու բանաձեւերը, ըստ այդմ էլ եզրակացրեք, թե որքան կլինի երրորդ բանաձեւի ազդեցության ու արդյունքի հնարավոր չափը: Ավելին, ըստ իսկ կարող եք նույնիսկ արդեն իսկ եզրակացություն անել չորորդ, հինգերորդ եւ վեցերորդ բանաձեւերի առնչությամբ՝ ավանսով:
Եվ հիշենք, Ֆրանսիայի խորհրդարանն ու այլ պետական, քաղաքական ինստիտուտներ զբաղվում են Ֆրանսիայի հարցերն ու խնդիրները սպասարկելով ու լուծելով: Հայաստանին առնչվող հարցերով ու խնդիրներով, դրանց լուծմամբ պետք է զբաղվեն Հայաստանի խորհրդարանն ու պետական, քաղաքական ինստիտուտները:
