Ռпւսшստանն ու Ադрբեջшնը բարոյական առումով որևէ իրավունք չունեն խոսելու նոյեմբերի 9-ի փաստաթղթից և դեռ մի բան էլ մատնանշելու դրա վերջին վիճահարույց 9-րդ կետը․ քաղաքագետ

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների շրջանակում երբեք խոսք չի եղել «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը։ Նշենք, որ «Զանգեզուրի միջանցքի» թեման ռուս պաշտոնյաները ըստ իրավիճակի են զարգացնում՝ իրենց հարմար ժամանակ լռում են, իրենց համար պատեհ ժամանակ հիշում, որ նման պայմանավորվածություն չկա։

Այս առնչությամբ Civic.am-ի հետ զրույցում հայտնելով իր տեսակետը՝ քաղաքագետ Հարություն Մկրտչյանն ասաց, որ նրանք նախկինում բացահայտ խոսում էին ադրբեջանա-թուրքական ծրագրից ու սպասարկում էին այն՝ «Զանգեզուրի միջանցքի» մասով, իսկ հիմա որդեգրել են մեկ այլ  քաղաքականություն՝ ՀՀ քաղաքացիների աչքերին թոզ փչելու, ՀՀ իշխանությունների աչքերին թոզ փչելու քաղաքականություն։

«Նրանք խոսում են «Զանգեզուրի միջանցք» եզրույթի չլինելուց, որ իրականում չկա, բայց նրանք շարունակում են խոսել նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետից և ռուսական ФСБ զորքերի սահմանապահ ծառայությունների մատուցումից։ Դա ինչ է, եթե ոչ վերահսկողություն, եթե ոչ ինքնիշխանության, սուվերենության սահմանափակում։ Եվ եկեք նաև բարոյական կողմը այստեղ դիտարկենք. կներեք, ՌԴ-ն և Ադրբեջանը բարոյական առումով որևէ իրավունք չունեն խոսելու նոյեմբերի 9-ի փաստաթղթից և դեռ մի բան էլ մատնանշելու դրա վերջին վիճահարույց 9-րդ կետը»,- ասաց քաղաքագետը։

Խոսելով այն մասին, որ Լավրովը նաև քննադատել է Եվրամիության և ԱՄՆ-ի փորձերը՝ «յուրովի կազմակերպելու Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիան՝ շրջանցելով Մոսկվային», քաղաքագետն ասաց, որ այդ «դելիմիտացիայի և դեմարկացիայի» հանձնաժողովը չունի գրանցած արդյունքներ։

«Այն, որ Լավրովն ասում է՝ խումբն արդեն արձանագրել էր արդյունքներ, սուտ է, մեծագույն սուտ։ Եթե ունենար արձանագրած արդյունքներ, առնվազն կողմերը՝ ամենաբարձր մակարդակով, անգամ եռակողմ մակարդակով, հնարավորություն կունենային կամ գոնե համաձայնեցրած կլինեին քարտեզները, թե որ թվականի քարտեզներով պետք է դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը սկսվի։ Ադրբեջանից անընդհատ հնչում են ռազմաշունչ հայտարարություններ, տարածքային նկրտումներ և պահանջներ ՀՀ-ից։ Այդ հանձնաժողովն ամբողջությամբ ձախողված է, և Լավրովն այստեղ հերթական սուտ և կեղծ թեզն է նետում դաշտ»,- ասաց Հարություն Մկրտչյանը։

«ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն ասել է, որ Ռուսաստանը ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին, որը տեղի կունենա մայիսին Մոսկվայում։

Հարցին, թե ըստ քաղաքագետի՝ արդյոք ճի՞շտ է վարչապետի մասնակցությունը, թե՞ ոչ, Հարություն Մկրտչյանն ասաց. «Այդ հարցն ավելի շատ կարելի է ուղղել օրվա իշխանություններին, նրանք են շատ սիրում ԵԱՏՄ-ի հետ կապված հարցերն առանձնացնել ՀԱՊԿ-ի հետ կապված հարցերից, առանձնացնել անգամ հայ-ռուսական հարաբերություններից՝ գերագնահատելով ԵԱՏՄ-ի ռեսուրսներն ու հնարավորությունները։ Կարծում եմ՝ իրենք պետք է փակագծերը բացեն ԵԱՏՄ-ի մասով. եթե կան փաստարկներ, կան հիմքեր, օրվա իշխանությունները պետք է ներկայացնեն ժողովրդին, որովհետև այստեղ ժողովրդի տեսակետի, դիրքորոշման և իշխանության դիրքորոշման միջև մեծ տարբերություն եմ նկատում, և դա մեծամասամբ պայմանավորված է  արտաքին քաղաքական հանգամանքներով»,- նշեց քաղաքագետը։

Վերջինիս խոսքով՝ Ադրբեջանում կայանալիք  նախագահական ընտրություններից հետո մեր անվտանգային հարցերը սրվելու են, ակնհայտ է, թե Բաքվի բռնապետն ինչ հռետորաբանությամբ է պատրաստվում այդ ընտրություններին։

Քաղաքագետը նաև ասաց, որ մեր աչքի առաջ ունենալով սեպտեմբերի 13-ի իրադարձությունները, ունենալով այսպիսի դաշնակից՝ մենք պետք է մեզ հաշիվ տանք, թե ունե՞նք այլևս մեզ համար սահմանված կարմիր գիծ, որը կարող ենք հատել. իհարկե չունենք, բոլոր  կարմիր գծերն արդեն հատել ենք։

Խոսելով Ֆրանսիայի Սենատի ընդունած ՀՀ տարածքային ամբողջականությանն աջակցող, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ և հայ բնակչության՝ ԼՂ վերադարձի իրավունքի երաշխիքներ պահանջող բանաձևի մասին՝ քաղաքագետն ասաց. «Ֆրանսիայի սենատը որոշում է կայացրել, լայն, ընդարձակ հայտարարության տեքստ է հրապարակել, բայց, ցավոք սրտի, ՀՀ ԱԺ-ում քաղաքական դիակ Ռոբերտ Քոչարյանի որդուն բերում դարձնում են ընդդիմություն և հանրության ականջները լցնում այդ աղբով։ Ֆրանսիայի սենատը շատ կարևոր հայտարարություն է ընդունել՝ հայամետ, հայանպաստ։ Ի վերջո պետք է աշխատել, հանրությունը կարող է խոսել, մենք կարող ենք խոսել, բայց սրանից մեծ հաշվով բան չի փոխվում։ Սրանից խոսո՞ւմ են  օրվա իշխանությունները։ Պիտի խոսեն, պիտի ողջունեն, և առհասարակ արցախցիների վերադարձի իրավունքի մասին հարցը լուսանցքում չպետք է թողնել»,- ասաց քաղաքագետը։
Վերջինս կարծում է, որ սա հայկական դիվանագիտության ձեռքին հաղթաթուղթ է, որն անընդհատ պետք է օգտագործել Ադրբեջանի հետ բանակցություններում և առհասարակ միջազգային հարաբերություններում, որովհետև 21-րդ դարում քաղաքակիրթ ողջ աշխարհի առաջ ԼՂ-ն հայաթափվեց։

«Եկեք մի կողմ դնենք այն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները, որոնցից մեկն էլ հենց այն էր, որ Արցախը չափից շատ ռուսաֆիկացված գոտի էր համարվում։ Այդ պատրանքներով տարված Արցախի ղեկավարությունը Արցախը տարավ կործանման, թե ՌԴ-ն ու Վլադիմիր Պուտինն իրենց կփրկեն։ Հիմա ի՞նչ, Հայաստանի Հանրապետությո՞ւնն էլ է այդ պատրանքներով տառապում։ Չենք գնում ՀԱՊԿ-ի նիստերին, բայց, չգիտես ինչու, ՀԱՊԿ պաշտոնյաները այցելում են Հայաստան՝ փակ առաջարկությունների, պայմանագրի փաթեթով։ Մենք ՀԱՊԿ-ից ակնկալիք չունենք, բայց, չգիտես ինչու, դեռ չենք պատասխանում՝ ստորագրել ենք այդ պայմանագրի տակ, չենք ստորագրել։ Այս անորոշությունը պիտի լցվի։ Այս վակուումը պիտի լցվի, ու պետք է կողմնորոշվենք»,- հավելեց քաղաքագետը։

Լիլիթ Թադևոսյան

Կիսվել սոց․ ցանցերում