Փափուկ, հյութեղ և օդային․ պատրաստում ենք իսպանական հայտնի Ensaimadas բլիթներ

Բերանում հալվող այս բլիթները պատրաստվել են դարեր շարունակ: Ensaimadas-ը («Էնսայմադաս») նվաճել է ոչ միայն իսպանացիներին, այլև ամբողջ աշխարհի մարդկանց:

Առաջարկում ենք թխել այս համեղ աղանդերը տանը։ Որպես միջուկ կարող եք վերցնել խնձոր դարչինով, հատապտուղներ, մարմելադ։ Ներկայացվող բաղադրատոմսում՝ խնձորի ջեմով բլիթներն են:

Բաղադրիչները․

Խմորի համար

• Չոր խմորիչ՝ 1 ճ.գ.
• Աղ՝ 0,5 ճ.գ.
• Շաքարավազ՝ ¼ բաժակ
• Հավի ձու՝ 1 հատ
• Բուսական յուղ՝ 2 ճ.գ. լ.
• Ջուր՝ 120 մլ
• Ալյուր՝ 300 գ։

Լցոնի համար

• Կարագ՝ 100 գ
• Խնձորի ջեմ՝ 150 գ
• Շաքարի փոշի՝ 2 ճ.գ. լ.։

Պատրաստման եղանակը

1. Պատրաստում ենք խմորը։ Ամանի մեջ խառնում ենք մաղած ալյուրը, խմորիչը, աղն ու շաքարավազը։ Ավելացնում ենք տաք ջուր, բուսական յուղը և ձուն։

2. Մոտ 10 րոպե ամբողջը հարեք, որպեսզի ստացվի փափուկ և առաձգական խմոր, որը ձեռքերին չկպչի: Դրանից ձևավորեք գունդ, դրեք բուսայուղով պատված ամանի մեջ, ծածկեք թաղանթով և 1 ժամ թողեք տաք տեղում, որպեսզի խմորը բարձրանա։

3. Խմորը բռունցքով տրորեք և բաժանեք 4 մասի։ Դրանցից յուրաքանչյուրը բուսայուղով պատված հարթ մակերեսի վրա գրտնակեք մինչև ստանաք մոտ 25×30 սմ չափսի բարակ շերտ։

4. Պատրաստի շերտի ամբողջ մակերեսին քսեք փափկած կարագ։ Երկար մասի եզրով առատորեն քսեք խնձորի ջեմը։

5. Միջուկը ծածկեք խմորով և զգուշորեն ամուր փաթաթեք գլանի տեսքով։ Գլանին տվեք «Խխունջի» տեսք: Նույնը արեք խմորի մնացած շերտերի հետ։

6. Ջեռոցի տարրան պատեք խոհանոցային թղթով, վրան քսեք բուսայուղ և շարեք ստացված «խխունջները»։ Թողեք 30 րոպե տաք տեղում հանգստանա։

7. Թխեք նախապես 180° C տաքացրած ջեռոցում 20-25 րոպե` մինչև ստացվի ոսկե դարչնագույն երանգ:

8. Հովացրեք և վրան ցանեք շաքարի փոշի։

Վերջ՝ համեղ, օդային և բուրավետ բլիթները՝ հյութալի խնձորի միջուկով պատրաստ են։ Մատուցեք տաք թեյի կամ սուրճի հետ։

Բարի ախորժակ!

Կիսվել սոց․ ցանցերում