«Freenews»-ը չի պատկանում ինձ կամ կնոջս, սպասենք «Սիմոնյանի՝ Ռուանդա այցից հետո ձյան տեղումներ են» վերնագրի. ԱԺ նախագահ

««Freenews»-ը չի պատկանում ո՛չ ինձ, ո՛չ իմ կնոջը, դրա մասին տեղեկությունը բաց է և ցանկության դեպքում բոլորին հասանելի»:

Այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը.

«Իսկ Հայաստանի Հանրապետությունում վաղուց արտոնյալներ չկան, և հենց այն փաստը, որ նախարարությունը մի շարք լրատվամիջոցների շարքում գործընթաց է իրականացրել նշված մեդիայի նկատմամբ, դրա վառ ապացույցն է: Բայց դե հասկանալի է, որ ավելի գրավիչ է Ալեն Սիմոնյանի անունից «կախվել», որ նախ՝ շատ մարդ կարդա, երկրորդը՝ իշխանությանը ներկայացնել՝ որպես հին բարքեր կրողի:

Սպասենք այլ նմանատիպ վերնագրերի և շահարկումների:

Օրինակ՝ «Հացի խանութը որտեղի՞ց. Ալեն Սիմոնյանը հաց է գնել, չի մուծում հարկերը», կամ «Ալեն Սիմոնյանի՝ Ռուանդա այցից հետո ձյան առատ տեղումներ են սկսվել, կփակվի՞ արդյոք Լարսի անցակետը»:

Լավ եք, էլի.. Դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք»,- գրել է նա:

Նկատենք, որ լրատվամիջոցներում հրապարակումներ են եղել, որ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը պատժամիջոց է կիրառել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կնոջ հեռուստաընկերության՝ «Freenews»-ի նկատմամբ։

Կիսվել սոց․ ցանցերում