Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ արձագանքելով Ազգային ժողովի նախկին նախագահի տեղակալ Էդուրարդ Շարմազանովի «Ֆեյսբուք»-ի էջում արած այն դիտարկմանը, թե «Սերժ Սարգսյանի կառավարման օրոք Հայոց պահանջատիրությունը պետական քաղաքականություն էր, Հայաստանի հետ հաշվի էին նստում աշխարհի հզորները, Հայաստանն օրակարգ էր թելադրում տարածաշրջանում, իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք Հայաստանը գահավիժում է»:
Սաֆարյանը փորձել է հիշել, թե ումից ինչ է պահանջել Սերժ Սարգսյանը, ապա՝ հարցադրումներ կատարել.
«Թուրքիայից պահանջե՞լ է հայոց պատմական հողերը: Ո՛չ։ Շարունակել է ճանաչել Թուրքիայի հետ սահմանը, ինչպես իր բոլոր նախորդները…:
Ադրբեջանից պահանջե՞լ է Արցախը: Ո՛չ։ Կրկին շարունակել է թեզը, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից, Արցախի հարցը տարածքային վեճ չէ, այլ ինքնորոշման խնդիր Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում, և «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում», բայց Հայաստանն էլ չի ճանաչում Արցախի անկախությունը…:
Ռուսաստանից, Բելառուսից պահանջե՞լ է չսպառազինել Ադրբեջանին ու խայտառակ չափով չխախտել ռազմական բալանսը: Ո՛չ։
ՀԱՊԿ-ից պահանջե՞լ է կատարել իր պարտականությունները: Ո՛չ։
Ռուսաստանից պահանջե՞լ է կատարել Հայաստանի հանդեպ դաշնակցային պարտավորությունները։ Ո՛չ։
Բա ումի՞ց և ի՞նչ է պահանջել և ո՞ւմ ի՞նչ է թելադրել:
Անհարմար բան է ստացվում, բայց կարծես թե միայն պահանջել ու թելադրել է սեփական ժողովրդին…»:
