Արցախից բռնի տեղահանված լրագրող Սիրանուշ Սարգսյանը Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովում (IRF) խոսել է Ադրբեջանի իրագործած ցեղասպանության մասին։ Վաշինգտոնում անցկացվող գագաթնաժողովին ներկա է եղել նաև ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը։
Արցախցի լրագրողը պատմել է այն ողբերգության մասին, որի միջով անցնում են բռնի տեղահանված մեր հայրենակիցները։ Նրանցից շատերը կյանքում առաջին անգամ են տնից հեռու։
Բռնի տեղահանված մեր հայրենակիցները ստիպված են եղել թողնել իրենց հարազատների գերեզմանները, այսօր անգամ այցելել չեն կարող։ Սիրանուշը շեշտել է՝ թեպետ շրջափակման ամիսները շատ դժվար ու ծանր էին իրենց համար, քանի որ մնացել էին առանց առաջին անհրաժեշտության պարագաների, չկար սնունդ, դեղորայք, բայց այսօր յուրաքանչյուր արցախցի երազում է շրջափակման օրերի մասին։
Սիրանուշը նաև պատմել է Ադրբեջանի կողմից շարունակաբար իրականացվող մշակութային ցեղասպանության մասին, թե ինչպես են հայկական պատմական հուշարձանները ներկայացվում որպես ալբանական և այլն։
