ՏԵՍԱՆՅՈՒԹ․Էկոնոմիկայի նախարարությունում ձերբակալված կանայք արդյոք ունեն մանկահասակ երեխաներ. պարզաբանում է ՄԻՊ-ը

«Իրականում կալանքի ինստիտուտի կիրառման առումով Հայաստանը միշտ էլ խնդիրներ ունեցել է: Սա նոր խնդիր չէ, և պարբերաբար սրա վերաբերյալ բոլոր իրավասու մարմինները լսել են»:

Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով երեկ Էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցած մի շարք ձերբակալություններին:

Հարցին՝ վերջինս ձերբակալություններին մասով իր մանդատի շրջանակներում որևէ գործողություն իրականացրե՞լ է, թե՞ ոչ, Մանասյանը պատասխանեց. «Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթները այս դեպքում երեքն են՝ առաջին՝ ստանալ բողոք և դրա քննարկման ընթացակարգ իրականացնել, այս դեպքում չենք ստացել: Երկրորդը՝ մարմինների հետ վարել գրագրություն, մենք այդ գրագրությունը արդեն իսկ նախապատրաստում ենք, երրորդը՝ այցելել համապատասխան անձանց, այցեր դեռ չենք ունեցել, սակայն անհրաժեշտության դեպքում իրականացնելու ենք»:

Դիտարկմանը՝ ձերբակալվածների մեջ կա՞ն մայրեր, ովքեր ունեն մանկահասակ երեխաներ, Մանասյանը արձագանքեց. «Ես՝ որպես ՄԻՊ, տեղեկատվության ներկայացման սուբյեկտը չեմ, կարող եք դիմել իրավասու այլ մարմինների և ստանալ այդ տեղեկատվությունը»:

Դիտարկմանը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանքը կապում են այն հանգամանքի հետ, որ նրանից պետք է ցուցմունք վերցնեն այլ ձերբակալված անձանց վերաբերյալ, Մանասյանը արձագանքեց. «Բնականաբար, կալանքը պետք է կիրառվի բացառապես այն հիմքերի համար, որոնք օրենքով են սահմանված, և եթե արժանահավատ տվյալներ ձեռք բերվեն այլ հիմքերով կալանքների դեպքերի մասին, բնականաբար, դա իրավաչափ չէ»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Կիսվել սոց․ ցանցերում