ՌԴ-ն ինչքան հնարավորություն ունի մեր դեմ գործելու, արդեն գործում է, դրանից ավելի չեմ կարծում, որ կարող է․ ՀԱՊԿ-ից դուրս չգալը ավելորդ զգուշություն է․ Ղևոնդյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվա իր հարցազրույցում կրկին անդրադարձել է Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտությանը։ Մի քանի օր առաջ էլ Թուրքիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հուլուսի Աքարը Ալիևի հետ հանդիպմանը սպառնալիք էր հնչեցրել Հայաստանի հասցեին։ Այս թեմեաների ու բանակցային գործընթացի մասին Civic.am— ը զրուցել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։
 
Պարոն Ղևոնդյան, վարչապետ  Նիկոլ Փաշինյանը անհրաժեշտ է համարում Սահմանադրության փոփոխությունը՝  հաշվի առնելով, որ բազմաթիվ են կարծիքները, որ սահմանադրական նախորդ փոփոխությունները ընտրակեղծիքով են եղել, ինչպես նաև այս Սահմանադրությամբ, որը հղում է անում Անկախության հռչակագրին, մենք տարածքային պահանջ ենք ներկայացնում Ադրբեջանին։

Անկախության հռչակագիրը Հայաստանի ծննդյան հռչակագիրն է և երբ ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ հռչակագրում կան կետեր, որոնք այդ ժամանակվա քաղաքական գործընթացների մեջ անհրաժեշտ են եղել, որպեսզի տեղ գտնեն։ Խոսք չկա նրա մասին, որ 2015 թվականի Սահմանադրությունը ոչ միայն խայտառակ Սահմանադրություն է, այլև կասկածելի է, թե արդյո՞ք դա հանրաքվեով ընդունվել է։ Այդ տրամաբանության մեջ շատ ընդունելի կլիներ, եթե 2015 թվականի Սահմանադրությունը հանրաքվեով առ ոչինչ համարվեր և շարունակվեր 2005 թվականի Սահմանադրությունը, որի մեջ էլ փոփոխություններ արվեր։ Մյուս կողմից՝ նոր Սահմանադրություն գրելը ևս իմաստ ունի, բայց շատ լայն հանրային քննարկում է անհրաժեշտ լինելու ու այդ քննարկման արդյունքները պետք է արտացոլվեն նոր Սահմանադրության մեջ։ Ինչ վերաբերվում է վարչապետի ասածներին, ապա ՀՀ ժողովուրդն է որոշում շարունակել պահանջներ ունենալ հարևաններից, թե՞ ոչ։

Թուրքիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հուլուսի Աքարը Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է,  որ որոշ երկրներ ինչ-որ կերպ ցանկանում են Հայաստանին հագցնել «պրոքսի պետության» համազգեստ։ Աքարը զգուշացրել է, որ եթե Հայաստանը գնա այդ սխալ ճանապարհով, ապա լուրջ վնասներ կկրի, ինչպես դա եղավ 44-օրյա պատերազմի դեպքում։  Ըստ Ձեզ, ինչո՞ւ է նման հայտարարություններ անում։

Ըստ ամենայնի, սա մանիպուլյացիա է, ու դա ուղղված է ոչ այնքան Հայաստանին  որպես Ֆրանսիայի պրոքսի ցույց տալու համար, այլ Ադրբեջանին ռուսական պրոքսիությունից ազատելու միտումով, ինչը Թուրքիան փորձում է իրականացնել, հավանաբար, ՌԴ-ի խնդրանքով։

Տեսնում ենք, որ ամենաշատը փորձում է Հայաստանի վրա մատ թափ տալ ՌԴ-ն։ Եթե հանկարծ կրկնվի մի իրավիճակ, երբ պատերազմ  լինի, ես կարծում եմ, որ դա կլինի բոլորովին այլ պատերազմ։ Այդ պատերազմում ՀՀ-ի հնարավորությունները ավելի բարձր եմ գնահատում, քան 44-օրյայի ժամանակ էր։ Բայց սա շատ քիչ հավանական զարգացում է, որովհետև նման պետությունները, ինչպիսին Ադրբեջանն է, պատերազմ սկսելու համար պետք է ունենան լայն կոնսենսուս հիմնական ուժային կենտրոնների հետ, իսկ հիմա, երբ կա Արևմուտք-ՌԴ հակասությունը, նման կոնսենսուս ունենալը իրական չեմ համարում։

Իսկ ինչպե՞ս մենք պետք է մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ շարունակենք։ Կարծիք կա, որ եթե ՀԱՊԿ-ից դուրս գանք, ՌԴ-ի դեմ հակաքայլեր անենք, ապա թշնամի կդառնանքև մեր դեմ տնտեսական լուրջ գործիքներ կկիրառվեն։

ՌԴ-ն արդեն գտնում է, որ մենք թշնամի ենք իրեն ու դրա մասին բացահայտ հայտարարում է։ Մենք արդեն արել ենք ՌԴ-ի շահերին հակառակ քայլեր, երբ ասում ենք, որ ՀԱՊԿ-ը մեզ չի օգնում, ինչպես նաև  ՀԱՊԿ-ի միջոցառմանը չենք գնում։  Կարծում եմ, որ այս  պահին ՌԴ-ն ինչքան հնարավորություն ունի մեր դեմ գործելու, արդեն անում է, դրանից ավելի չեմ կարծում, որ ՌԴ-ն կարող է։ Պետք է հաշվի առնել, որ ՌԴ-ին Հայաստանը ինչ-որ չափով պետք է և չի ցանկանում տարածաշրջանում ավելի սուր խնդիրներ ունենալ։

Ամեն դեպքում  մենք ունենք շատ ավելի շատ հնարավորություններ տնտեսական դիվերսիֆիկացման, որոնք դեռևս չենք իրականացնում այն պատճառով, որ ՌԴ-ն գիտի մեր  հնարավորությունների մասին և չի փորձում ՀՀ-ին սեղմել այնքան, որ Հայաստանը իրենից տնտեսապես շատ ավելի հեռանա։ Այնպես որ ՀԱՊԿ-ից դուրս չգալը ավելորդ զգուշավորություն է։

Իսկ Ադրբեջանի հետ բանակցությունները ինչպե՞ս շարունակել, որովհետև Ադրբեջանը ակնհայտորեն չի ցանկանում Արևմուտքում բանակցել և մերժում է արևմտյան հարթակը, իսկ Արևմուտքը չի կարողանում ստիպել Ադրբեջանին։

Ըստ ամենայնի, Արևմուտքը սպասում է Ադրբեջանի նախագահական ընտրություններին, որոնք տեղի են ունենալու մի քանի օրից և դրանից հետո պարզ կլինի Արևմուտքի համար, թե Ադրբեջանը արդյոք ապակառուցողական է մնում, թե ընտրություններից հետո կվերադառնա կառուցողական դաշտ։  Եթե ամեն ինչ շարունակվի այնպես, ինչպես հիմա, ապա, կարծում եմ, որ Արևմուտքը բավական մեծ գործիքակազմ ունի Ադրբեջանին ստիպելու, ինչպես նաև պատժելու համար։ Ինչ վերաբերում է, թե ՀՀ-ն ինչ պետք է անի, ապա ՀՀ-ն պետք է շարունակի մնալ կառուցողական ու պետք է ակտիվորեն հնարավորինս մեծ տեմպերով ամրացնի իր անվտանգությունը և պատրաստ լինի սադրանքների։ Մեծ պատերազմ այս պահին դժվար թե լինի, բայց սադրանքներ,  ամենայն հավանականությամբ, կլինեն։

Իսկ ի՞նչ անել, եթե Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացները արևմտյան հարթակից տեղափոխել մեր արածաշրջանային հարթակ։

Ադրբեջանը փորձում  է դա անել՝ ռուսական հարթակ, 3+3, Վրաստան էին հրավիրում։ Պետք է անել այն, ինչ փաստացի անում է  Հայաստանը՝ հրաժարվել այդ հարթակներում այդ հարցը քննարկելուց և խոսել այն հարթակների մասին, որոնք շահավետ են Հայաստանի համար։
 
Դավիթ Լևոնյան

Կիսվել սոց․ ցանցերում