Օգտագործում են զուգընկերոջ կամ ամուսնու հորդորով. Հայաստանում թմրшնյпւթ օգտագործողների շարքում կանայք մեծ թիվ են կազմում

Առողջապահական գերատեսչության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանն արդյունավետ է համարում իրավապահ համակարգի և պատասխանատու մարմինների, մասնավորապես՝ Պետական եկամուտների կոմիտեի համատեղ ջանքերը Հայաստանում թմրամիջոցների դեմ պայքարի գործում։

Ըստ նրա՝ Կենտրոն դիմող և բուժում ստացող անձանց թիվը հետզհետե աճում է, որը իրականացվող գործողությունների արդյունքն է:

«Այժմ մեզ դիմում են այս տարիների ընթացքում թմրամիջոց օգտագործած և կախվածություն ձեռք բերած անձինք։ Պայքարի արդյունքը կզգանք որոշ ժամանակ հետո, երբ Կենտրոն դիմող անձանց թիվը էապես կկրճատվի»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Այժմ Կենտրոնում բուժում ստացողների թիվը մասնագետը դժվարանում է հստակ հայտնել, սակայն նկատում է՝ միայն 2023 թվականին թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի գործածմամբ պայմանավորված՝ կախվածության դեմ բուժում է ստացել 7854 անձ, որից 200-ը՝ կանայք: Ըստ նրա՝ բուժվողների թվում երիտասարդները նույնպես մեծ թիվ են կազմում:

«Մեր Կենտրոն դիմել են նաև անչափահասներ, իհարկե, ընտանիքի անդամների ուղեկցությամբ։ Այս պարագայում պետք է նկատենք, որ երիտասարդները թմրամիջոցները հեշտ ձեռք են բերում համացանցից, այլ ոչ թե մեծահասակների պարագայում, երբ դրանք փոխանցվում են հին մեթոդով՝ անձը անձին է տալիս։ Մեր շրջապատում մեծահասակները այդքան էլ սմարթֆոններին լավ չեն տիրապետում, երիտասարդները գտնում են այդ սոցհարթակներն ու գնում դրանք»,- ասում է նա:

Հենց սա է պատճառը, որ այժմ թմրամիջոցների օգտագործմամբ պայմանավորված՝ առաջատար են նաև կանայք ու աղջիկները․ Կախվածության կենտրոնում առաջին անգամ բուժում է ստացել 16 տարեկան երկու անչափահաս աղջիկ։

Խոսելով օգտագործման պատճառների մասին՝ նա նկատում է՝ դրանք տարբեր են, հիմնականում անձը այդ քայլին գնում է մեկ ուրիշի խորհրդով՝ որպես պատճառ նշելով, թե տրամադրություն է բարձրացնում: Աղջիկներն էլ գնում են այդ քայլին իրենց զուգընկերոջ կամ ամուսնու հորդորով։

Կենտրոնի տնօրենը մանրամասնում է՝ լինում են դեպքեր, երբ դեռահաս տարիքից սկսում են մարիխուանայից, հետո անցնում ավելի վտանգավոր սինթետիկ հոգեխթանիչների։ Հայաստանում առկա նոր տեսակի թմրամիջոցների դեպքում մարդու մոտ կախվածությունն առաջանում է բավականին արագ։ Երբեմն նաև մեկ անգամ օգտագործումը կարող է հանգեցնել արտահայտված հիվանդագին ցանկության, սակայն եթե անձը վաղ հասկանա իր խնդիրն ու դիմի համապատասխան բուժման, նույնքան արագ էլ կազատվի այդ կախվածությունից։

Զրուցակիցն ասում է՝ եթե մեր երկրում ավանդաբար տարածված էին երկու խմբի՝ կաննաբինոիդային (ամենահայտնի ներկայացուցիչն է մարիխուանան) և օփիոիդային (ամենահայտնի ներկայացուցիչն է հերոինը) խմբերի թմրամիջոցները, ապա ներկայումս մեծ տարածում են գտել նաև մեթամֆետամինը և հոգեխթանիչ ազդեցությամբ այլ խիստ վտանգավոր թմրամիջոցներ, որոնք առավելապես պահանջարկ ունեն գիշերային ակտիվ ժամանցի սիրահար երիտասարդների շրջանում։

Հաստատության ղեկավարը ընդգծում է՝ նման թմրամիջոցներից հատկապես մեթամֆետամինը, որն ավելի հայտնի է ոչ գրական «կրիստալ» անվանումով և վաճառվում է տելեգրամյան ալիքներով, առաջին իսկ օգտագործումից է ախտահարում մարդու կենտրոնական նյարդային համակարգը՝ առաջացնելով հիվանդագին հակում թմրամիջոցի նկատմամբ, արագորեն ձևավորելով ծանր կախվածության համախտանիշ։

«Նոր հոգեխթանիչների գործածումը բերում է լրջագույն հոգեաշխատաբանական դեպքերի։ Դրա արդյունքում անձի մոտ առաջանում են ոչ միայն վարքագծային, այլ նաև հոգեբանական առողջության խնդիրներ։ Շատ տարածված են դեպրեսիան, զառանցանքները, հարուցինացիաները, ընկալման խանգարումները։ Այդ պատճառով հաճախ նման անձինք բուժում են ստանում Հոգեկան առողջության կենտրոններում։ Մենք տրամադրում ենք նաև մեր մասնագետի օգնությունը»,- նշում է նա։

Նազինյանն ընդգծում է՝ կախվածությունը շատ ծանր հիվանդություն է, և դրա բուժումն էլ տարբեր անձանց մոտ տարբեր կերպ է ընթանում։ Եթե անձի մոտ ցանկություն է առաջանում մեկ անգամ փորձել որևէ հոգեխթանիչ դեղ, ապա պետք է նա նախևառաջ հասկանա, որ հետո այդ ճահճից հեշտ դուրս չի գալու։ Կախվածություն ունեցող անձինք չեն կարող Կենտրոն ընդունվել հարկադրաբար, ասում է Կենտրոնի տնօրենը:

  Մերի Խաչատրյան 

Կիսվել սոց․ ցանցերում