Թատրոնը աճող օրգանիզմ է, սերնդափոխությունը դրական է ազդում. Սուրեն Շահվերդյանը՝ Ստանիսլավսկու ծրագրերի մասին

Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնակատար, բեմադրիչ Սուրեն Շահվերդյանն արդեն մեկ ամիս է՝ ղեկավարում է մշակութային հաստատությունը։ Վերջինս թատրոն է մուտք գործել բազմաթիվ նորություններով և սպասվող փոփոխությունների ծրագրերով։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Շահվերդյանը խոսել է առաջիկա անելիքներից և հանդիսատեսի համար նախատեսված նոր ներկայացումներից։

— Պարոն Շահվերդյան, վերջին շրջանում մեր երկրում գործող որոշ թատրոններում տնօրենների փոփոխությունները կարծես թե ընդունվում են, այսպես ասած, «սվիններով»: Ձեր ղեկավարած թատրոնում, սակայն, դա եղավ անցնցում: Ինչպե՞ս հաջողվեց:

— Գաղտնիքը շատ պարզ է․ թատրոնի նախկին տնօրենը որոշեց իր պաշտոնավորման ժամկետից ավելի շուտ հեռանալ և իր ժամանակը տրամադրել «Արմոնո» փառատոնին։ Դա էր այն, ինչ տիկին Մխիթարյանը արեց թատրոնի համար, մինչև այն պահը, երբ որոշում կայացրեց զբաղվել հիմնականում փառատոնով և թատրոնի ղեկավարումը հանձնել այլ ղեկավարի։ Երկրորդ հանգամանքը, իմ կարծիքով, կապ ուներ նրա հետ, որ դեռ մեկ տարի առաջ ես թատրոնում ներկայացում էի բեմադրել, որը անձնակազմը ընդունեց մեծ սիրով։ Թատրոնում ինձ ճանաչողները գիտեն, թե ով եմ ես, ուր եմ ցանկանում տանել թատրոնը և ինչ ծրագրեր ունեմ։ Այս մեկ ամսվա ընթացքում ամեն ինչ համաձայնեցվել է անձնակազմի հետ, կոլեկտիվը գալիս է այն ճանապարհով, որով ես գնում եմ։

— Այսինքն՝ կարո՞ղ ենք ասել, որ թատրոնն ուներ այս փոփոխության կարիքը։

— Բոլոր թատրոններն ու մշակութային օջախները, ըստ իս, ունեն փոփոխությունների կարիք։ Մի քանի տարի ղեկավարելով թատրոնը՝ ղեկավարը որոշակի ծրագիր ներկայացնելուց հետո հասկանում է, որ իր մաքսիմումը կատարել է և պատրաստ է ու կարող է դրա հետագա աշխատանքը հանձնել մեկ ուրիշի։ Թատրոնը միշտ աճող օրգանիզմ է, և սերնդափոխության ճանապարհը միշտ դրական ազդեցություն է ունենում։ Համենայն դեպս, ես այդ առումով լավատես եմ։

— Նշեցիք, որ անձնակազմը գնում է Ձեր նախանշված ճանապարհով. ո՞րն է այն

— Մենք քննարկում ենք և սկիզբ ենք դնում նոր հարթակների։ Մեր հանդիսատեսը ռուսալեզու է, պետք է մտածենք, թե ինչպես կարող ենք նաև հետաքրքրություն առաջացնել այն հանդիսատեսի շրջանում, որոնք չեն գալիս ռուսական թատրոն ռուսերենով ներկայացումներ նայելու համար։ Մեր երկրում երիտասարդներն այժմ քիչ են հետաքրքրված ռուսերենով և օտար լեզուներից ավելի շատ նախընտրում են անգլերենը։ Նպատակ ունենք ստեղծել այդպիսի հարթակ, որի միջոցով նաև երիտասարդները կառնչվեն ռուսական մեծ մշակույթին և նրա ժամանակակից ու դասական ներկայացումներին։

Թատրոնի բակը ընդարձակ է, նախատեսում ենք ամռանը այնտեղ ներկայացումներ բեմադրել։ Ապրիլի կեսից մեր թատրոն Եվրոպայից նոր ռեժիսոր կգա, որը ներկայացում կբեմադրի՝ շքեղ մոտեցումներով, հատուկ գրված երաժշտությամբ։ Նախատեսում ենք բեմադրել «Ռապունցել»-ը։ Խնդիրներ ունենք շենքային պայմանների հետ, որին նույնպես նախատեսում ենք լուծում տալ․ հրավիրել ենք մարդկանց իրենց առաջարկներով ու դիզայներական լուծումներով։ Դիմել ենք մեր ընկերներին ու լիազոր մարմիններին։ Աթոռները նույնպես շատ հնամաշ են, դրանք կփոխվեն օգոստոսին, երբ թատրոնը կգնա արձակուրդ։ Փետրվարի 23-24-ը նոր առաջնախաղեր կունենանք։

— Իսկ թատրոնի անձնակազմում փոփոխություններ կլինե՞ն։

— Այո՛, նոր մարդիկ և նոր բեմադրիչներ կգան։ Մեր թատրոնում տաղանդավոր և հետաքրքիր դերասան կա, որը ժամանել էր ՌԴ-ից՝ վերջին շրջանում այնտեղ կատարվող իրադարձություններով պայմանավորված, ցավոք, նա հիմա հետ է վերադառնում։ Մի քանի հաստիքներ ևս ազատվելու են, ու արդեն կհայտարարենք մրցույթ, քասթինգի միջոցով թատրոն կընդունենք նոր դերասաններ, բեմադրիչներ, որոնք իրենց կրեատիվ առաջարկներն ու ծրագրերը կներկայացնեն։

— Ի՞նչ է պահանջում այսօր հանդիսատեսը թատրոնից։

— Հանդիսատեսը ցանկանում է որակյալ և լավ բեմականացված ներկայացում։ Չէի ասի, թե թատրոնում այժմ չկան այդպիսիք, սակայն դրանք պետք է ճանաչելի դարձնել հասարակությանը։ Թատրոնի մարքեթինգային մասը պետք է ավելի ակտիվացնել և երիտասարդների ուշադրությունը գրավել։ Իմ խորին համոզմամբ՝ այն ծրագրերը, որոնք ես իմ խոսքում նշեցի, կնպաստեն, որպեսզի երիտասարդները գան թատրոն ու տեսնեն այլ ֆորմատի ներկայացումներ։

— Ո՞րն է այս պարագայում պետական մակարդակով անհրաժեշտ աջակցությունը։

— Ես շատ ակտիվ շփվում եմ թե՛ համապատասխան նախարարության, թե՛ Կառավարության հետ։ Այդ աջակցությունը մշտապես կա։ Ինչպես արդեն նշեցի, թատրոնի շենքը վերանորոգվել է դեռևս 2000 թվականին, այն մնացել է խորհրդային շնչով ու հոտով։ Մտածում ենք դրա մասին, ցանկություն ունենք շենքը դարձնել ժամանակակից ու հանդիսատեսի պահանջը բավարարող միջավայր ստեղծենք։

Մերի Խաչատրյան

Կիսվել սոց․ ցանցերում