Հանրային հեռարձակողի խորհուրդը իր դիրքորոշումն է հայտնել Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի հրապարակման վերաբերյալ:
Այս մասին տարածած հայտարարության մեջ ասված է.
«2024թ. փետրվարի 5-ին Հանրային ռադիոընկերության տնօրեն Գարեգին Խումարյանը լրատվամիջոցի կայքում հրապարակել է իր հոդվածը, որով վիճարկում է օրեր առաջ «Անվտանգային միջավայր» հաղորդմանը հյուրընկալված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտած տեսակետները։
Փաստը, որ Հանրային ռադիոյի տնօրենը քննադատում է վարչապետին, արտառոց ոչինչ չի պարունակում, նույնիսկ առաջին դեպքը չէ և որևէ սկզբունքային առարկություն չի կարող ունենալ ժողովրդավարական երկրում։ Սակայն հանրային լրատվամիջոցի այսպիսի կամայական օգտագործումն առաջացնում է Հանրային հեռարձակողի խորհրդի տարակուսանքը։
Խորհրդի կարծիքով՝ ռադիոընկերության տնօրենը առերևույթ չարաշահել է իր լիազորություններն ու պաշտոնեական դիրքը, օգտագործելով Հանրային ռադիոյի հեղինակությունը և պաշտոնական կայքը՝ սեփական կարծիքը անվիճարկելիորեն ներկայացնելու և առավելագույն արձագանք ապահովելու համար։
Բացի այդ, ամբողջ աշխարհում պետության առաջին դեմքերի հետ հարցազրույցները չեն ենթադրում բանավեճ, ինչը Գարեգին Խումարյանը որպես առիթ էր օգտագործել հարցազրուցավար Բարեղամ Ղուկասյանի աշխատանքը «վատ ժուռնալիստիկա» որակելու և ունկնդիրների «սպասելիքները չարդարացնելու» համար, որը նույնպես մտահոգիչ է։
Ըստ այդմ, Խորհուրդն առաջիկայում քննության կառնի Հանրային ռադիոընկերության տնօրեն Գարեգին Խումարյանի գործողությունների համապատասխանելիությունը էթիկական և իրավական նորմերին»։
Հիշեցնենք, որ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենը հայտարարություն էր տարածել՝ կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրեր առաջ լրատվամիջոցին տված հարցազրույցի հետ: Գարեգին Խումարյանը ներողություն էր խնդրել լսարանից և, իր բնութագրմամբ, որպես տան տեր, կարծիք հայտնել, թե նախորդ շաբաթ Հանրային ռադիոյի տաղավարում առաջարկվել է դադարել լինել այն, ինչ ենք, ասվել՝ թուրքերն ուժեղ են, հայերը՝ թույլ։
Հարցազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ գիտենք, որ ագրեսիվ միջավայրում ենք, մեր խնդիրն է հասկանալ, թե ինչու է մեր միջավայրն ագրեսիվ մեր նկատմամբ.
«Ես շատ կոպիտ օրինակ բերեմ, շատ կոպիտ, ամենայն հարգանքով բոլոր երկրների նկատմամբ: Ուղղակի առակի լեզվով խոսելու տրամաբանության մեջ պատկերացրեք՝ մենք իրար հետ երկուսով քայլում ենք մի ճանապարհով և մենք պիտի ա կետից գնանք բ կետը: Իրար հետ գիտենք, թե ուր ենք ուզում գնալ, մենք այդ ճանապարհով քայլում ենք և տեսնում, որ ճանապարհի երկու եզրերին ցուլ է կանգնած, և նայում ենք իրար՝ տեսնում ենք, որ մենք կարմիր զգեստներով ենք»:
