Անհրաժեշտ ստորագրությունները կան․ Պապոյանը՝ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ ու մնացած կալանավորվածների միջնորդության մասին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի տեղակալ, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն այսօր Ազգային ժողովում անդրադարձավ խմբակցության երեկ կայացած նիստին։

Ըստ նրա՝ վարչության նիստում բացառապես կուսակցական հարցեր են քննարկվում:

«Մասնավորապես կուսակցության զարգացման ռազմավարությունն ենք ընդունել, և ռազմավարության մեջ, այսպես ասած, պատասխանատուներ կան, քննարկել ենք, օրինակ՝ իմ պատասխանատվության գոտիները, որոնք վերաբերում են տարածքային կառույցների զարգացմանը, տարածքային կառույցների անդամների և ցանցի ընդլայնմանը, գաղափարական պատրաստվածությանը, ավագանիների, խմբակցությունների հետ աշխատանքը: Այսինքն՝ քննարկվել են մաքուր կուսակցական, գաղափարական բնույթի հարցեր»,- պարզաբանեց նա։

Հարցին՝ ինչո՞ւ նիստին ներկա չի եղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, արդյո՞ք նեղացվածությո՞ւնն է պատճառը, պատգամավորն ասաց՝ հստակ չի կարող պատասխանել, սակայն վստահ է, որ Սիմոնյանը կա՛մ պետական, կա՛մ անձնական պատճառներով չի մասնակցել․ «Այն կոնտեքստը, որ դուք հիմա ենթադրում կամ դնում եք հարցի մեջ, բացարձակապես նման բան չկա, ու չի կարող լինել»։

Ինչ վերաբերվում է նրան, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է, որ պատգամավորները պատրաստվում են միջնորդություն ներկայացնել դատարան «Սիներջի»-ի տնօրենի, Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի խափանման միջոցը փոխելու համար, Պապոյանը խուսափեց պատասխանել՝ վկայակոչելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հայտարարությունը․ «Հենվենք այն տեղեկության վրա, որ տվել է պարոն Կոնջորյանը, բայց նաև ես գիտեմ՝ մամուլում ակտիվ քննարկվել է, և ենթադրում եմ՝ մամուլի տեղեկությունները հասանելի կլինեն վարչապետին»։

Հարցին՝ արդյո՞ք ներկայացվել է միջնորդությունը՝ նա ընդգծեց, թե չգիտի, սակայն նշեց՝ վստահաբար, անհրաժեշտ ստորագրությունները հավաքվել են:

Նշենք՝  երեկ Կոնջորյանը, խորհրդարանում անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորման դեպքին, հայտարարել էր, որ ՔՊ-ն որոշել է երաշխավորություն ներկայացնել դատարան «Սիներջի»-ի տնօրենի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կին Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի խափանման միջոցը փոխելու համար

«Խոսքը երկու կանանց և պարոն Հովհաննիսյանի («Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյան) մասին է»,- մանրամասնել էր Կոնջորյանը:

Կիսվել սոց․ ցանցերում