Լայն քննարկումների առիթ դարձած Միասնական տոմսային համակարգի ներդրման նախագիծը հանվել է Երևանի ավագանու՝ առաջիկայում սպասվող նիստի օրակարգից:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
«Միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված ավագանու որոշման նախագիծը բավականին լայն քննարկումների առարկա է դարձել։ Ուրախալին այն է, որ քաղաքական շահարկումներից և բացահայտ ստից զատ՝ շատ զուսպ, քաղաքակիրթ և կառուցողական քննադատության ու հարցադրումների եմ հանդիպում, ինչի պայմաններում ինքս ինձ համար որոշել եմ հնարավորինս մի կողմ դնել այդ շահարկումները և ստահոդ աղմուկը՝ կենտրոնանալով այն խոսքի վրա, որի նպատակը ոչ թե ուղղակի ցեխ շպրտելն է, այլ իրապես ճիշտ և արդարացի որոշման հանգելը։
Ուզում եմ վստահեցնել, որ բոլոր հարցերը և կառուցողական քննադատությունը լրացուցիչ քննարկման և նախագծի ստուգաբանման առիթ են դարձել՝ հենց քաղաքապետարանի ներսում, ինչով պայմանավորված՝ խնդրել եմ քաղաքապետին հարցը հանել առաջիկա ավագանու նիստի օրակարգից՝ նախագիծն ավելի համապարփակ քննարկելու և ավագանու քննարկմանը կրկին ներկայացնելու նպատակով»,- գրել է նա:
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ավելի վաղ ասուլիսի ժամանակ անդրադարձել էր ուղեվարձի թանկացմանն ու դրա վերաբերյալ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի գրառմանը:
Գրիգորյանը, անդրադառնալով հարցին՝ որքա՞ն է թանկանալու ուղեվարձը, ասել էր. «Եթե մենք վերցնում ենք ամեն օր տրանսպորտից օգտվող անձին և վերցնում ենք, որ, օրինակ, նա օգտվել է ամսական, եռամսյակային կամ տարեկան, այս պահին դրված նախագծով «Թելսելի» տարբերակով 180 դրամին մոտ էր, եթե չեմ սխալվում: 11 հազարը բաժանեք 60 ուղևորության: Միջինացված թիվ ասելն իմաստ չունի, որովհետև գոյություն չունի միջինացված ուղևոր: Ուղևորը կա՛մ այս պրոդուկտից է օգտվում, կա՛մ այն, կա՛մ երրորդից: Ամեն մեկի մեջ պետք է հաշվարկը կատարվի:
Ուղևորության ինքնարժեքը, շատ համեստ հաշվարկներով, 220, 230 դրամ է: Դա այն հաշվարկն է, որ մեզ ոչ ոք չի կարող մեղադրել, որ հօգուտ մեզ ենք հաշվել: Այսօր այդ 200 դրամը վճարվում է, ուղղակի 100 դրամ վճարում է ուղևորը, 100 դրամ վճարում է բյուջեն, որը էլի ձևավորվում է քաղաքացու վճարումներից: Այսօրվա սուբսիդիան, եղած համակարգը ինչ-որ մինիմալ շնչելու տրամաբանությամբ է: Դա այն բյուջեն էլ չէ, որ մեր առօրյա պահանջած տրանսպորտային համակարգը մենք ունենալու ենք»:
