Սևանի դատարանում այսօր շարունակվել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում տեղի ունեցած հրդեհի գործով դատական նիստը որի ժամանակ ցուցմունք է տվել գործով մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանը:
Նա պատմել է, որ ձեռքին շիշ է եղել, երբ փորձել է վառել վառարանը:
«Այդ ժամանակ Լևոնը ներս է մտել։ Որ բոցը տվել է դեմքիս, Լևոնը ներսում է եղել։ Շիշը որ շպրտել եմ դեպի դուռը, վերև է բարձրացել, դեպի դրսի դուռն է կպել, դեպի պատալոկը։ Լևոնը գնացել է միջանցք, վերցրել բուշլատը, եկել կրակը հանգցնելու։ 2 անգամ է մտել դուրս եկել, դրա համար ինձնից շատ է այրվածք ստացել»,- պատմել է նա:
Եղիշե Հակոբյանը հայտարարել է, որ հրդեհն իր սխալմունքով է բռնկվել:
«Պաժարն իմ սխալմունքով է եղել, բայց Լևոնն ինձնից շատ է գոռացել, բայց էդքանից հետո եթե ես իմանայի, որ էդ երեխեքը դուրս պիտի չգան այդ լուսամուտից, ես հաստատ դուրս չէի գա։ Երբ կրակն էի հանգցնում, ձայները լսում էի, որ լուսամուտի գոռում էին՝ տղերք պաժար է, դուրս եկեք, ես մտածել եմ, որ արդեն իրենք դուրս են գալիս լուսամուտից։
Ես ձայներից զգացել եմ, թե իրենք լուսամուտի դուրս են գալիս։ Երբ տնից դուրս եմ եկել, մոտեցել եմ տեսել եմ, որ ճաղավանդակը ծռել են, Գարուշն ու Ժիրայրն են դուրս եկել։ Ինձ երրորդը մոտիկացավ, ուզում էի լուսամուտից քաշեմ, հանեմ, որ բռնեցի մայկան ճղվեց, ես այդպես էլ չկարողացա փրկել»,- իր ցուցմունքում ասել է Հակոբյանը:
Տուժողների իրավահաջորդները, սակայն կասկածի տակ են առել ցուցմունքի անկեղծությունը: Վերջիններս պնդել են, որ Եղիշե Հակոբյանն այդ օրը տեղում չի եղել և պարտականությունները թերի է կատարել:
Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Եղիշե Հակոբյանը Ազատ գյուղի կացարան 5 լիտրանոց տարայով ավտոբենզին է տարել` այն որպես կպչան օգտագործելու համար, լցրել վառարանի մեջ, որն էլ 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի պատճառ է դարձել։
