Երգչուհի, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարսիկ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տիկին Սիրուշոն «Արմենիա» ՀԸ-ի «Ներս արի» հաղորդման հյուրն էր և, անդրադառնալով մասնավորապես իր մասին տարածված կեղծ լուրերին, թե՝ կղզի ունի, իր երեխաներին էլ ուրիշն է ունեցել, ազդարարեց՝ կղզին կոշիկ կամ պայուսակ չէ, որ ունենան, կղզին կղզի է, և հետևապես ինքը չունի որևէ կղզի։ Ինչ վերաբերում է երեք երեխաներին, ապա ինքն է ունեցել վերջիններիս՝ կրել հղիությունը, կերակրել և… «թույլ տվեք մնացած մանրամասնություններով չկիսվել»։ Նշենք, որ Սիրուշոյի և Լևոնի երրորդ երեխան՝ դուստր Զաբելը, ծնվեց «Դիմադրություն» շարժման շրջանում (հունիսին)։ Այդ օրերին համացանցում լուր տարածվեց, թե Սիրուշոն, իբր, կեղծ հղիություն է բեմադրել, որպեսզի մեկնի ԱՄՆ, իսկ ամուսինն էլ այդ պատրվակով միանա իրեն՝ «անտեր թողնելով մարող Դիմադրության շարժումը»։ Նկատենք՝ երգչուհու երեք երեխաներն էլ արտերկրում են ծնվել։
Երգչուհին անդրադարձել է նաև այն հարցին, թե ինչու ավելի շատ համերգներով հանդես չի գալիս, խոսել է առաջիկա անելիքների մասին։ «Շատ ավելին կանեի, իրականում, երբ քիչ առաջ էլ ասացի՝ ամոթ ինձ, որ քիչ եմ արել (երգեր գրելը, հոլովակներ նկարահանելը-խմբ.), բայց նաև դրան շատ հասկանալի պատճառ կա, երկրում իրավիճակը այնպիսինը չի եղել, որ կարողանայինք ավելի շատ աշխատել։ Չեմ կարող ասել, թե քանի համերգ ենք չեղարկել, քանի առաջարկ ենք մերժել։ Այնպես որ, եթե խաղաղ լինի ամեն ինչ, եթե կարգին լինի ամեն ինչ, աշխատանքը, իհակե, կփորձենք, կհասցնենք, կլինեն և համերգներ, և հարցազրույցներին մասնակցելու ցանկություն կլինի։ Վերջին տարիներին շատ հաճախ ուղղակի պարզապես ցանկություն չի լինում, երբ հարցնում են՝ իսկ ինչու չենք տեսնում ավելի շատ, ցանկություն չի լինում, տրամադրություն չի լինում, շատ դժվար է, բայց ստիպում ես քեզ, որ գնաս, և այն աշխատանքը, որ պիտի անես, որը պատասխանատվությունդ է, դա անես։ Խաղաղ լինի, անելիքներ ավելի շատ կլինեն»։ Ի դեպ, այս մտքից հետո ստուդիայում լսվում են հանդիսատեսի ծափերը։
Ինչպես ցանկացած ադեկվատ մարդ, Սիրուշոն նույնպես, ինչպես տեսնում ենք, խաղաղություն է ուզում, քանի որ ինքն էլ իր խոսքի ենթատեքստում արձանագրում է՝ առանց խաղաղության չկա ոչ աշխատելու, ոչ ստեղծագործելու և առհասարակ, որևէ երկարաժամկետ պլան գծագրելու ցանկություն։ Խաղաղությունն, անխոս, շոուբիզնեսով զբաղվողի համար (կոմերցիայի տեսանկյունից) կարևոր երաշխիք է։
Իսկ մինչ երգչուհին, որպես ստեղծագործող նատուրա, խաղաղություն է տենչում, նրա պատգամավոր ամուսինն ու սկեսրայրը կտրուկ դեմ են արտահայտվում խաղաղության գործընթացին, ավելին, այն համարում են «կեղծ», «ձախողված օրակարգ»։
Առաջարկում ենք, որ Սիրուշոն առաջիկայում մի երգ գրի ու տեսահոլովակ նկարահանի «արժանապատիվ խաղաղության» և դրան հասնելու «իրական օրակարգի» մասին և գոնե երգի միջոցով «մի կես նոտա» բացահայտի հայր և որդի Քոչարյանների «խաղաղության պլանը»։ Երգչուհու արվեստի ֆանատները, հավատացած ենք, նման բացառիկ ինֆորմացիայի համար արժանին կմատուցեն իրենց կուռքին։
Ե. Ա.
