Երեկոն՝ լեղի սուրճի հետ
Ամբողջ գիտակցական կյանքում վախեցել եմ այսօրվանից՝ 2020-ի աղետից ու 2023-ի հայրենազրկումից: Այդ վախն է ժամանակին ուղղորդել դեպի ադրբեջանցու և թուրքի հետ ցավալի փոխզիջումների ճանապարհով, բայց հաղթած ժամանակ լեզու գտնելու համոզմունք: Նաև՝ 1920-ի Սևրն ու Կարսի աղետը: Մեկը մեկին կրկնվող մեր պատմությունը: Նաև՝ աշխարհագրությունը և դաժան քարտեզը, որ քո դրացին արդեն 100 միլիոն թուրքն ու ադրբեջանցին են:
Թե չէ ի՜նչ մի դժվար բան է ասել՝ թուրքը մնում է թուրք, մենք զիջելու բան չունենք, Ստամբուլն արյան ծով սարքենք, Արցախի հարց չկա, Արցախի հարցը լուծել ենք, հայի տեսակ, ազերբառան, անհամատեղելի հարևան, ոչ մի թիզ, արյամբ ազատագրված հողը չի կարելի հետ տալ:
Ժամանակը չէ՞ հարցնենք ինքներս մեզ՝ ո՞ւր հասցրեցինք 88-ի շարժումը: 88-ին մենք ունեինք 4 միլիոնի շեմին կանգնած Հայաստան, հիմա ունենք՝ երկուսուկես:
Հակիրճ, մեկ նախադասությամբ, բայց ամեն նախադասությունը հաստափոր հատորի թեմա է: Սա լոկ վիճակագրություն չէ:
ա/ մինչև 7.000 զոհ Արցախյան առաջին պատերազմում ու հազարավոր խեղված ճակատագրեր,
բ/ մի քանի հազար զոհ ստատուս-քվոյի 25 տարիներին ու հարյուր հազարների փախուստ Հայաստանից, որպեսզի որդիդ չծառայի առաջնագծում,
գ/ 4.000-ից ավելի զոհ ու 10 հազար վիրավոր 2020-ի պատերազմում,
դ/ ավելի քան 4.000 հազար քառակուսի կիլոմետր հողի կորուստ բուն Արցախում, կրկնակին՝ հարակից տարածքներում,
ե/ Եռաբլուր Երևանում, Ստեփանակերտում և Հայաստանի ու Արցախի ամեն գյուղում,
զ/ Արցախի հայաթափում և կորուստ,
է/ խոցված, տարածաշրջանից դուրս մղված Հայաստան, ու մենք դեռ չգիտենք, թե էլ ինչ է գալու գլխներիս:
88-ի շարժումը այսպե՞ս պիտի ամփոփեինք:
Հիմա էլ ասում են՝ հավատում ենք Մադրիդյան սկզբունքներին, կոլեկտիվ վերադարձին, 2020-ի սեպտեմբերի 26-ի ստատուս-քվոյին: Հարցնող լինի՝ ի՞նչ ես անելու, եթե անգամ դա լինի: Որովհետև հաջորդ հարցն է գալու՝ իսկ ի՞նչ արեցիր մինչև 2020-ի սեպտեմբերի 27-ը: Մերն էր, չէ՞: Ավելի քան 25 տարի:
Քանի՞ մարդ ավելացավ ավերակներում: Դեռ մի կողմ եմ դնում հարցը՝ թե ինչո՞ւ դարձրիր ավերակ: Ո՞ւր էր ձեր Հայ դատը: Վերադարձ Էրգիրը:
Շատերն ասելու են՝ Նիկոլը չգար, էս աղետն ու հայրենազրկումը չէր լինի: Ես անգամ չեմ ուզում բանավիճել այս թեմայով, եթե անգամ ամբողջ մեղքն ու պատասխանատվությունը մեկ մարդու վրա ենք թողնում: Որովհետև եթե անգամ դա ճիշտ է, ապա պետք էր նաև այդ սցենարը աչքի առաջ ունենալ, որ կարող ես Փաշինյան ունենալ և անդադար չկրկնել՝ Արցախի հարցը լուծվել է, Արցախի հարց չկա:
Այս հարցում ունեք առնվազն մեկ համախոհ: Իլհամ Ալիևը նույնպես պնդում է, որ Ղարաբաղի հարց չկա, Ղարաբաղի հարցը լուծվել է:
Թաթուլ Հակոբյան
9 փետրվարի, Գյումրի
