«ՈՉ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»․ ԼՈՆԴՈՆԸ ԵՒՍ ՀԱՄԱՄԻՏ Է ԵԱՀԿ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ

Մեծ Բրիտանիան կիսում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախնական եզրակացությունները 2024 թվականի փետրվարի 7-ին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ։ Այդ մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության համագործակցության և զարգացման հարցերով ներկայացուցիչը՝ նշելով, որ թագավարությունը 10 կարճաժամկետ դիտորդներ է ուղարկել հիշյալ առաքելության համար։ «Մենք կիսում ենք մի շարք մտահոգություններն այն փաստի վերաբերյալ, որ ընտրություններն անցել են սահմանափակող միջավայրում և քաղաքական կենսունակ այլընտրանքների բացակայության պայմաններում։ Նշվել են լուրջ խախտումներ, որոնցից մի քանիսը հակասում են 1990 թվականի Կոպենհագենյան փաստաթղթին, որը սահմանում է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մի ամբողջ շարք»,- ընդգծել է պաշտոնյան։

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը կենսական դեր է խաղում ընտրական գործընթացների արդարացի գնահատականն ապահովելու գործում, և Մեծ Բրիտանիան կոչ է անում Ադրբեջանին աշխատել կազմակերպության հետ՝ դրանք հրապարակելուց հետո վերջնական առաջարկությունները կյանքի կոչելու համար: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդների տեսակետի հետ համամիտ էր եղել նաև Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատունը։

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին կայացած արտահերթ նախագահական ընտրույթունների արդյունքում Ադրբեջանի նախագահ է վերընտրվել Իլհամ Ալիևը՝ հավաքելով ավելի քան 92 տոկոս ձայն։

 

Կիսվել սոց․ ցանցերում