«Կանաչապատումից խոսում են «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամները, որը վստահաբար ունի քաղաքական ենթատեքստ. թիրախավորված է «Կանաչապատում և շրջակա միջավայր»-ի ՀՈԱԿ-ը: Խոսում են՝ ինչ կարողանում են՝ ոչ գրագետ, առանց հասկանալու հարցի բուն էությունը»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:
«Ինչ վերաբերում է ծառահատումներին, ապա ես վստահեցնում եմ, որ չկա մի այդպիսի դեպք, որը ահազանգ ենք ստացել, ու որի համար մենք չենք դիմել ոստիկանություն: 100-ի հասնող գրություններ ենք ուղարկել ոստիկանություն՝ ապօրինի ծառահատման, էտի և նման ապօրինի գործողությունների համար»,- նշեց Բեգոյանը:
Հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ 2022-ին մեկ ծիրանենին գնվել է 2400 դրամով, իսկ 2023-ին՝ 19 հազար 500 դրամով, վերջինս պատասխանեց. «Ստացվում է այնպես, որ 2022-ին գնվել է ծիրանու տնկի շիվ, իսկ 2023-ին՝ ծիրանենու ծառ: Տարբերությունը շատ մեծ է: Հիմնականում ձեռք է բերվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող տարածքում անտառհիմնման աշխատանքների համար, և քանի որ այնտեղ իրականացվում է ռեկուլտիվացիա, ապա մասնագետները հարմար են գտել, որ ծառերը արմատային համակարգերով լինեն: Բացի այդ ծիրանենիներից՝ այնտեղ տնկվել են 60-70 հազար դրամ արժեք ունեցող ծառեր՝ դրսից ներկրված: Այնպես որ դա մասնագետների որոշելու խնդիրն է եղել: Մենք դեմք ենք մայթեզրերին պտղատու ծառեր տնկելուն, իսկ անտառտնկարկների ժամանակ պտղատու ծառերն օգտագործվել են և շարունակվելու են օգտագործվել»:
Բեգոյանը նաև նկատեց՝ ծառատունկից հետո հրավիրել են բոլոր լրատվամիջոցներին՝ ցույց տալու համար արդյունքը. «Այդ կադրերում էլ առկա է, որ՝ այո, նոր տնկված ծիրանենիների վրա արդեն բերք կար»:
Բեգոյանը նաև նշեց՝ ամեն մարդ, որը իր տան բակում ունի մի հատ թթենի, ծիրանենի կամ դեղձենի, իրեն համարում է կանաչապատման մասնագետ կամ բուսաբան. «Պրոսպեկտում չորացած ծառեր չկան, բոլոր ծառերը կենսունակ են եղել, և գարնանը բոլորդ կտեսնեք դրանց կանաչելը»:
