«Սրապիոնյանը պատկառելի տարիքի մարդ է, բայց չափազանց ստախոս. ի՞նչ արժի այս անամոթ սուտը». Ջանֆիդայի դպրոցի տնօրենը՝ «Փառքի անկյունը» ապամոնտաժելու մասին

«Սերժ Սրապիոնյանը պատկառելի տարիքի է, բայց չափազանց ստախոս մարդ է, չի կարող մարդ այդքան անամոթ լինել և ակնհայտ սուտ տեղեկություն տարածել՝ առանց դպրոցները ստուգելու։ Ես ևս մեկ անգամ հերքում եմ՝ որևէ մեկը որևէ նման պահանջ դպրոցին չի ներկայացրել»։ Այսպես արձագանքեց Արմավիրի մարզի Ջանֆիդայի Է. Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոցի երկարամյա տնօրեն  Հակոբ Սրեյանը civic.am-ի այն հարցին, թե արդյոք դպրոցի տնօրինությանը  ԿԳՄՍՆ-ից կամ այլ հաստատությունից հրահանգվե՞լ է վերացնել Արցախյան պատերազմի զոհերին նվիրված «Փառքի անկյունը»։ Որ դպրոցներին նման հրահանգ է իջեցվել՝«Հրապարակ»-ի հետ զրույցում պնդել էր գրականագետ, սփյուռքի նախկին նախարարի տեղակալ, ընդդիմադիր տարատեսսակ շարժումների մասնակից, իշխանությանը տարատեսակ «ազգակործան հրամաններ» վերագրող Սերժ Սրապիոնյանը։

Նա մասնավորապես նշել էր, թե Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքի դպրոցից ինքը լուր է ստացել, թե՝ հրահանգ է իջեցվել՝ հեռացնել պատերազմում զոհված հերոսների նկարը, բայց տնօրինությունը դիմադրել է։ «Միայն Ջանֆիդայի դպրոցը չէ, որ նման հրահանգ է ստացել, մարզի բազմաթիվ այլ դպրոցներ ևս նման հրահանգ են ստացել։ Ես ստուգել եմ՝ հավաստի է տեղեկությունը։ Դպրոցներում ասել են՝ հեռացնել փառքի անկյունները։ Մի քանի դպրոցների տնօրեններ դիմադրություն են ցույց տվել։ Մի խումբ է հիմա շրջում դպրոցներում, փորձում են ճշտել, թե քանի դպրոց է ենթարկվել այս ազգակործան հրամանին։ Արմավիրի գյուղական դպրոցների տնօրենները խոստովանել են՝ փառքի անկյունները հանելու հրահանգ են ստացել։ Օրինակ՝ Ջանֆիդայի դպրոցում կան պատերազմում զոհված հերոսների նկարներ՝ հերոսները հենց այդ գյուղից են եղել։ Դպրոցի տնօրինությունն ասել է՝ որևէ դեպքում այդ նկարները չեն հեռացնի։ ԿԳՄՍՆ-ից մարդ է եկել, ասել է՝ հեռացրեք, դպրոցականներին շեղում են, անընդհատ հիշեցնում են զոհերին, նպատակահարմար չէ, որ մնան դպրոցների պատերին։ Այդպիսի քայլ առաջինն արեցին ադրբեջանցիները՝ Արցախում։ Համալսարանի պատերից հեռացրին բոլոր զոհված հերոսների նկարները»,- նշել է Սրապիոնյանը, սակայն չի գաղտնազերծել ԿԳՄՍ նախարարության «որոշմանը» դիմադրություն ցույց տված տնօրենների անունները։ Թե ինչու էր Սրապիոնյանը մասնավորապես շեշտել Ջանֆիդայի դպրոցի անունը՝ հիշյալ դպրոցի տնօրենը տարակուսում է։ Հիշյալ կայքում հրապարակված հոդվածի տակ, ի դեպ, դպրոցի ֆեյսբուքյան էջի կողմից այսպիսի մեկնաբանություն է արվել. «Այս հոդվածում գրված տեղեկությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը: Բարոյական չէ չստուգված տեղեկություններ տարածելը: Ուղղակի հետաքրքիր է՝ ինչքա՞ն արժի այս անամոթ սուտը»։  «Ամենայն անկեղծությամբ եմ ասում՝ վերևն Աստված, ներքևում մենք, նախարարությունը որևէ հրահանգ, հրովարտակ չի իջեցրել։ Եվ տարօրինակ է, թե ինչու է նման սուտը տեղ գտնում ԶԼՄ-ում։ Ես երեկ եմ իմացել այդ նյութի մասին, ինձ զանգել են այլ դպրոցների գործընկեր տնօրենները։ Ապշած էի։ Եվ նորից եմ ուզում հարց տալ՝ ի՞նչ արժի նման անամոթ սուտը։ Մենք խառը ժամանակաշրջան ենք ապրում, ու առնվազն հասկանալի չի, թե ինչու են ոմանք ուզում ջուր պղտորել, ձուկ որսալ։ Իսկ թե ինչու է որոշել հենց մեր դպրոցի անունը տալ, հավանաբար այն պատճառով, որ մեր գյուղը Արցախյան պատերազմում 12 զոհ է տվել, չհաշված, որ 200 և ավելի մասնակից ենք ունեցել։ Եվ երբ պետք է լինում, ջանֆիդացին զենքը ձեռքին միշտ կանգնած է և երկրի սահմաններն է պաշտպանում՝ հավատարիմ մնալով իր պետությանը։ Ենթադրում եմ, որ հաշվի է առել այն, որ շատ զոհեր ունենք, և երևի թե մտածել է… բայց կասկածում եմ, որ մտածել է, քանի որ մտածող մարդը նման բան չէր անի, նախ՝ կստուգեր»։ Սրեյանը նշեց նաև, որ Սրապիոնյանին չի ճանաչում,  բայց տեղյակ է, որ իրենց մարզից է՝ Արմավիրից (նախկին Հոկտեմբերյանի շրջանի Արտաշար գյուղից)։ Ի դեպ, Սրապիոնյանի քույրն էլ՝ Հասմիկ Սրապիոնյանը, Արտաշար գյուղի դպրոցի Հայոց եկեղեցու պատմություն առարկայի ուսուցիչ է եղել, նաև՝ դպրոցի տնօրեն։ 2017-ին տիկին Սրապիոնյանը կրկին հավակնում էր դպրոցի տնօրենի պաշտոնին, սակայն տնօրենի համար   հայտարարված մրցույթում պարտվեց։

Ի դեպ, 2017-ին նույն «Հրապարակ» թերթի հետ զրույցում  Հասմիկ Սրապիոնյանը  գանգատվել էր ՀՀԿ-ական մարզպետ Աշոտ Ղահրամանյանից, թե «ըստ երևույթին ինքը չի արդարացրել մարզպետի շահադիտական ակնկալիքները, փոխարենը, նրա կարծիքով, արդարացրել է մյուս թեկնածուն, և մարզպետը ուղղակի չէր կարող տվյալ մարդու հետ պայմանավորվածությունը չկատարել»։  «Ու այդ ճանապարհին Ղահրամանյանը դիմեց բոլոր հնարավոր ապօրինի մեթոդներին՝ օրենքի խախտմամբ այնպես արեց, որ բոլոր մրցույթները տապալվեն՝ կառավարման խորհրդի անդամներից նրանց, ում վրա ազդեցություն ուներ, թույլ չէր տալիս գնալ ու մասնակցել նիստին, որ քվորում չապահովվի, իր ուզած անդամին հանել ուրիշին էր նշանակել, հետո նրան էլ ապօրինի կերպով նշանակել խորհրդի նախագահ, որի իրավունքը չուներ։ Այս ամենից զատ՝ նախկին ոստիկան Աշոտ Ղահրամանյանը նաև դիմեց իրեն հատուկ ուժային մեթոդներին»։ Ի դեպ, այս շրջանում մամուլում խոսվում էր այն մասին, թե դպրոցի տնօրենը կարգազանցություն է թույլ տվել, ինչի առթիվ գործ է հարուցվել։

Ջանֆիդայի դպրոցի տնօրենը նշեց նաև, որ դպրոցում մեկ տարվա մեջ շուրջ 4 հարյուր միլիոնի շինարարություն է տեղի ունեցել՝ վերանորոգում, հիմնանորոգում, դպրոցը, վերջինիս խոսքով, «վերջապես քաղաքակրթություն է վերադարձել» և ուսումնառությունը կազմակերպում է կրթական հաստատությանը վայել կերպով (վարչապետը այս տարի այցելել է այս՝ հիմնանորոգված  դպրոց)։ «Մենք մեր կոլեկտիվով երկու տարի առաջ դիմել ենք կառավարությանը դպրոցի նորոգման հարցով, և այսօր տեսնում ենք արդյունքը։ Ամեն ինչ արվում է, որ մեր երեխաները նորմալ կրթություն, դաստիարակություն ստանան, ուսումնառությունը նորմալ կազմակերպվի, սակայն որոշ տգետներ կարող են իրենց անմիտ հայտարարություններով դպրոցը հեղինակազրկել։ Մինչև նախանցյալ տարի հեղուկ վառելիքով էինք դպրոցը տաքացնում, հիմա մենք ու մեր երեխաները արքայության մեջ ենք, կարելի է ասել։ Նախկինում սանհանգուցը դրսում էր, այժմ, պետության շնորհիվ, դպրոցի ներսում է, Երևանի դպրոցներին համարժեք  դպրոց է դարձել մեր դպրոցը»։

Հակոբ Սրեյանը, որը տնօրեն է 1999-ից,  մեզ հրավիրեց համայնք և դպրոց՝ անձամբ համոզվելու իր խոսքերում։

Նշենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հրապարակել էր իշխանության կողմից Երևանի ենթակայության տակ գտնվող դպրոցներին իբրև թե իջեցված շրջաբերականը, որում մասնավորապես ասված է. «Անհրաժեշտ է զերծ մնալ դպրոցի պատերին ցուցանակներ, պաստառներ, նախկինում օգտագործված նյութերն ամրացնելուց՝ մինչև համապատասխան ուղեցույցները ստանալը»:

«Հայ մարդու էության, արժեքային համակարգի ջախջախումը, տեսակի վերացումը շարունակվում է։ Նիկոլն ու նրա կամակատարները ինկվիզիայի են ենթարկում այն ամենը, ինչ սնում է մեր արժանապատվությունն ու վերընձյուղվելու, նորից արժանապատիվ պետություն դառնալու հնարավորություն է ներշնչում։  Պարտվածներն ատում են իրական  հերոսներին, նրանց աչքերի մեջ նայելու
համարձակություն չունեն, անգամ եթե նրանք բռնել են հավերժի ճամփան»,- եղերերգության ոճում մտքերն էր շարադրել տիկին Գալստյանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ  Արաքսյա Սվաջյանն էլ անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, թե նախարարությունից հանձնարարություն է ուղարկվել դպրոցների տնօրեններին՝ կրթօջախներից հեռացնել զոհված հերոսների փառքի անկյունները, պարզաբանել է. «Մենք որևէ գրությամբ կամ որևէ հանձնարարականով չենք միջամտել: Մեր կողմից մշակվում է  ուղեցույց, որն առաջիկայում դպրոցները շրջաբերականով կստանան, այն վերաբերելու է պատերի կահավորմանը: Գոյություն ունեն  ստանդարտներ, որոնք տվյալ տարիքային խմբի մանկավարժահոգեբանական պահանջներով են պայմանավորված: Շրջաբերականը կապ չի ունենալու դպրոցներում փառքի անկյունների ձևավորման, դրանց առկայության հետ»։ Սվաջյանի խոսքով՝ դպրոցներում ու մանկապարտեզներում նկատել են բազմազան ու խայտաբղետ պատկերներ, պատերի տարատեսակ գույներ: Գերհագեցած դիդակտիկ նյութերը շեղում են երեխաների ուշադրությունը, կրթական միջավայրում ձևավորումները պետք է համապատասխանեն որոշակի ստանդարտների, ինչն ընդունված է նաև միջազգային պրակտիկայում:
Հ. Մանուկյան

Կիսվել սոց․ ցանցերում