«Ջերմուկի» շշի մեջ է երևի լցված եղել քացախաթթուն, այդ մարդն էլ խմել է, հանքային ջրից բացառվում է ստամոքս այրվի. մասնագետ

Ռուսաստանում «Ջերմուկ» հանքային ջրի որոշ խմբաքանակի վաճառքի կասեցման վերաբերյալ որոշումը զարմանքի տեղիք է տվել Հայաստանում, քանի որ, ըստ Ռուսաստանից հնչող պնդումների, իբր թե դրանում քացախ է հայտնաբերվել, որն էլ պատճառ է դարձել տեղի մեկ բնակչի մահվան:

Նկատենք, որ թե՛ ընկերությունը, թե՛ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հերքել են և բացառել հանքային ջրի մեջ քացախի առկայությունը։

ՀՀ առողջապահության նախարարության բժշկական թունաբանության գծով նախարարի խորհրդական Մարինե Գրիգորյանը ևս վերահաստատում է՝ «Ջերմուկ» արտադրանքի կամ այլ հանքային ջրի հետ կապված նման միջադեպ Հայաստանում երբեք չի գրանցվել։ Նա համոզված է, որ տվյալ հանքային ջրում քացախաթթու չի կարող լինել։

««Ջերմուկ»-ի շշի մեջ հավանաբար լցված է եղել քացախաթթու էսենցիան, այդ մարդն էլ շփոթել, խմել է։ Այսինքն՝ արդեն իսկ բացված շիշ է եղել։ Պատահականություններ շատ են լինում․ քացախաթթուն ըմպելիքների շշերի մեջ լցնում են ու պահում անգամ սառնարանում, հետո շփոթում են, խմում։ Մեծերը երբեմն օղու շշի մեջ են լցնում, հետո, եթե պատահաբար երկու մեծ կում էլ անեն, արդեն բավական է, որ դրա ավարտն ու հետևանքը մահվան ելքը լինի»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Վերջինիս խոսքով՝ այդ շշի պարունակությունից մնացորդ չի եղել, որ ենթարկվի հետազոտության․ «Քանի որ դա Ռուսաստանում է եղել, պետք է հասկանալ նաև, թե այդ մարդը որտեղից է ձեռք բերել տվյալ շիշը։ Ես չեմ կարծում, որ մեր գործարանային արտադրության «Ջերմուկ»-ից նման բան լինի, դա բացառվում է»։

Հատկապես «Ջերմուկ»-ի կիրառությունը, ըստ մասնագետի, մեր հասարակության շրջանում մեծ է, բոլորն են այն օգտագործում և երբևէ որևէ խնդրի չեն հանդիպել։ Նա շեշտում է՝ հայկական արտադրանքը, բնականաբար, լավն է. ««Ջերմուկ»-ից որևէ բացասական խնդիր չենք տեսել, հարցն այն է, թե «Ջերմուկ»-ի շիշը արդեն տա՞նն է եղել, այդ մարդն էլ բացել ու խմե՞լ է, միգուցե տան անդամներից որևիցե մեկը շշի մեջ լցրել է էսենցիան, ոչ թե գնել են»:

Ըստ Մարինե Գրիգորյանի՝ քացախաթթվի հոտն անմիջապես զգացվում է. «Այսինքն՝ բացեցիր շիշը, որի մեջ այն առկա եղավ, միանգամից զգում ես, որ ինչ-որ այլ բան է լցված շշում։ Քացախաթթուն շատ խիտ է, անմիջապես այրում է մաշկը, քիմիական այրվածք է առաջանում թե՛ ստամոքսում, թե՛ կերակրափողում։ Բացի այրվածքներից՝ պրոցեսները շատ ծանր են ընթանում»:

ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչը ևս մեկ անգամ ընդգծում է՝ պետք է վստահություն ունենալ հայկական արտադրանքի հանդեպ, մտավախություններն այս պարագայում միանշանակ տեղին չեն։

Ինչ է քացախաթթուն

Այն անգույն հեղուկ է՝ կծու, հատուկ հոտով և թթու համով, ջրում լուծվում է անսահմանափակ քանակությամբ, ձևավորվում է գինիների բնական թթվեցման արդյունքում։ Քացախաթթուն կիրառում են սնունդը պահածոյացնելու համար և մաքրող հեղուկների բաղադրության մեջ:

12%-ից բարձր խտությամբ քացախաթթվի ընդունումը հանգեցնում է հեմոլիզի, շնչառական և երիկամային անբավարարության, ներանոթային մակարդման համախտանիշի, ցնցումների և մահվան։

Մերի Խաչատրյան

Կիսվել սոց․ ցանցերում