ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ու պատգամավոր Աննա Մկրտչյանը Մոսկվայում են և մինչև փետրվարի 17-ը հրավիրված են մասնակցելու ՌԴ կառավարող «Միասնական Ռուսաստան» կուսակցության կողմից կազմակերպված «Ընդդեմ գաղութատիրության. Հանուն ազգերի ազատության» հիմնադիր համաժողովին։ Ինչպես տեղեկացնում է ՀՀԿ-ամերձ կայքերից մեկը՝ համաժողովին մասնակցում են 50 երկրների պատվիրակություններ, այդ թվում՝ Ադրբեջանի ու Թուրքիայի իշխող ուժերը ներկայացնող։ Հայաստանից էլ համաժողովին մասնակցելու հրավեր է ստացել ՀՀԿ-ի երբեմնի կոալիցիոն գործընկեր, Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան»-ը։ Ուշագրավ է, որ «Միասնական Ռուսաստան»-ն այն կուսակցությունն է, որը սատարում է ՌԴ նախագահ Վ. Պուտինին, և որը գլխավորում է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։
Հիշեցնենք, որ ՌԴ նախկին նախագահ և վարչապետ Դմիտրի Մեդվեդևը 2023 թ. սեպտեմբերի 19-ին, առանց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունը նշելու, նրան անուղղակի սպառնացել էր. «Մի անգամ բարեկամ երկրից մի գործընկեր ինձ ասաց. «Դե ես ձեզ համար օտար եմ, դուք ինձ չեք ընդունի»: Ես պատասխանեցի՝ ինչ պետք էր. «Կդատենք ոչ թե կենսագրությամբ, այլ արարքներով»: Հետո նա պարտվեց պատերազմը, բայց տարօրինակ կերպով մնաց տեղում: Հետո նա որոշեց իր անտաղանդ պարտության մեղքը բարդել Ռուսաստանի վրա: Հետո նա հրաժարվեց իր երկրի տարածքների մի մասից: Հետո որոշեց խաղեր տալ ՆԱՏՕ-ի հետ, իսկ նրա կինը ցուցադրաբար թխվածքաբլիթները ձեռքին վազեց մեր թշնամու մոտ: Գուշակեք՝ ինչ ճակատագիր է նրան սպասվում»,- գրել էր Մեդվեդևը Telegram-ի իր էջում:
Ի դեպ, կայքը, որն իրազեկել է ՀՀԿ-ականների ռուսաստանյան այցի մասին, նկատել է. «Հատկանշական է, որ ՀՀ իշխանությունների կողմից տարվող հակառուսական ընդգծված քաղաքականությանը հակառակ՝ խորանում է ՀՀԿ-Единая Россия համագործակցությունը։ Ինչպես նշեցինք, ՔՊ-ն այս համաժողովին ներկայացված չէ։ Սա թերևս մեսիջ է ՀՀ իշխանություններին առ այն, որ ՌԴ իշխող ուժը զարգացնում է իր հարաբերությունները ընդդիմադիր ՀՀԿ-ի հետ»։
Այս համատեքստում տեղին է հիշեցնել Կրեմլի պաշտոնական խոսափող, ՌԴ Պետական Դումայի պատգամավոր Կոստանտին Զատուլինի՝ ամիսներ առաջ արած աղմկահարույց հայտարարությունն այն մասին, թե՝ «այն բանից հետո, երբ Փաշինյանը որոշել է 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, ընդդիմությունը դիմել է Ռուսաստանի Դաշնությանը և խնդրել ինչ-որ կերպ տեսանելիորեն աջակցել իրեն։ Սակայն ռուսական կողմը հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ եթե ընդդիմությունը գա իշխանության, ապա կարող է հրաժարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, որը վերջ դրեց Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին։ Փաստաթղթից հրաժարվելը կարող էր նոր պատերազմ հրահրել, կարծում էր Մոսկվան, և Մոսկվան ինքը չէր ցանկանա խառնվել դրան»։
Օրերս էլ ռուսական շահերի ժրաջան պաշտպան ու ՌԴ-ի հանդեպ առիթ-անառիթ ռևերանսներ անող Է. Շարմազանովն, ի դեպ, ուղերձ հղեց իր հյուսիսային մեկենասներին, թե՝ «եթե Փաշինյանը Սյունիքով ռուսական վերահսկողությամբ ճանապարհ տար, Արցախի հայաթափում չէր լինի»: «Եվ Արցախի հայաթափումը, և Լաչինի փակումը, և Արցախի հանդեպ ագրեսիան, և ՀՀ 200 քառակուսի կիլոմետր տարածքի օկուպացիան ունի 1 պատճառ՝ Փաշինյանի կողմից նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետից հրաժարվելը։
Եթե հարգեր իր ստորագրությունը, ճանապարհը տար՝ ռուսական վերահսկողությամբ, որևէ խնդիր չէր առաջանա։ Ոչ միայն չարեց, այլև այդ նույն տարածք եվրոպական դիտորդներ բերեց, հրաժարվեց ՀԱՊԿ-ի զորավարժություններից, թռավ Արևմուտքի գիրկը, հրաժարվեց ռուսական միջնորդությունից»,- հայտարարել է Շարմազանովը՝ այն դեպքում, երբ նրա կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանն ու մնացած կարկառուն ներկայացուցիչները նոյեմբերի 9-ի հայտարարությունն անվանում էին «կապիտուլյացիոն», Նիկոլ Փաշինյանին էլ՝ «կապիտուլյանտ»։
Պուտինին սատարող կուսակցության կազմակերպած այս հավաքի ժամանակ, ենթադրում ենք, ՀՀԿ-ական ակտիվը անխուսափելիորեն կքննարկի ոչ միայն ՀՀ քաղաքական դաշտում իր առաջիկա անելիքների (ակցիաներ, միտինգներ) հարցը, այլ նաև հավաստիացումներ կտա՝ իշխանությունը վերազավթելու պարագայում անպայման ի կատար ածել նոյեմբերի 9-ի հայտարարության բազմաչարչար 9-րդ կետն այնպես, ինչպես ՌԴ-ն է պատկերացնում ու փափագում։
Նշենք, որ այսօրվա հավաքի պլենար նիստին ելույթ է ունեցել նաև Է. Շարմազանովը։ «ՀՀԿ-ն ռադիկալ ընդդիմություն է ՀՀ-ում այսօր գործող իշխանությանը։ Մենք քանիցս հայտարարել ենք, որ ՀՀ-ն պետք է զարգացնի իր հարաբերությունները բոլոր պարտնյորների և դաշնակիցների հետ և առաջին հերթին՝ ՌԴ-ի հետ»,-նշել է Շարմազանովն ու հավելել՝ մնացած հարցերի վերաբերյալ կխոսենք առաջիկա նիստերին։
Հ. Մ.
