Մարտի 1-ի գործը հաջողությամբ կոծկած Սերժ Սարգսյանը պնդում է, թե երկրի ներսում իրենք փամփուշտ չեն կիրառել՝ ոստիկանությունն է արել

Շուրջ կես միլիարդ դրամի վատնում կատարելու մեջ մեղադրվող Սերժ Սարգսյանը իր գործով դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով սահմանների կահավորմանը, ասում է. «Եթե այս մարդիկ 3,5 տարվա ընթացքում չեն հասցրել կահավորել մեր առաջնագիծը, ապա ժամանակը իրենց համար ի՞նչ նորություն պետք է բերի»։

Իսկ հարցին, թե իր և իր գործընկեր Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին սահմանները պատշաճ կահավորվա՞ծ էին. չէ՞ որ դրա համար իրենք ոչ թե 3,5, այլ 20 տարի ժամանակ ունեին, Սարգսյանն ասում է՝ իհարկե. «Միանշանակ, այո՛, պատշաճ կահավորում ունեցել ենք։ Մենք ամեն ինչ ունեցել ենք էս պատերազմում էսպիսի ողբերգական հետևանքներ չունենալու համար»։
Հետո Սարգսյանը՝ որպես իր խոսքերի ապացույց, հղում է անում «դրսի փորձագետներին»։ Թե ի՞նչ փորձագետներ են, որ խոսել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանների պատշաճ կահավորված լինելու մասին՝ անհայտ է։ Բայց եթե անգամ կան կամ եղել են այդպիսի փորձագետներ, ապա հարցրեք ձեր շրջապատում եղած ցանկացած մեկի, ով իր ծառայության ընթացքում սահման է պահել, ու հարցրեք կահավորման մասին։ Արդյոք այն պատշա՞ճ է եղել։ Արդյոք գոնե Ղարաբաղի, գոնե հարավային ուղղության մեր սահմանի երկայնքով բետոնապատ, գետնափոր կառույցներ, թունելնե՞ր են եղել։ Ինչո՞ւ Ադրբեջանը չկարողացավ հյուսիսային, լեռնային   հատվածում առաջխաղացում, ճեղքում ապահովել, իսկ հարավային, հարթավայրային հատվածում՝ կարողացավ։ Ո՞ւր էին այդ բունկերային դիրքերը, պաշտպանական գծերը։

Դիտարկմանը, թե հիմա, ըստ գործող իշխանությունների, աննախադեպ ինժեներական աշխատանքներ են իրականացվում, Սարգսյանն արձագանքում է՝ դուք էլ ասեք։

Սերժ Սարգսյանը, հավանաբար, իր փորձով է կիսվում։ Չէ՞ որ ինքն էլ ուղղակի ասում է, ձեռքի հետ էլ «դրսի փորձագետներին» է հղում անում, բայց ծառայած ցանկացած մեկը կարող է փաստերով հակադարձել Սերժ Սարգսյանին։
Իսկ այսօր միայն ասելով չէ։ Մի քանի ուղղություններում լուրջ ինժեներական կառույցներ են կառուցվում, որոնց ծանոթանալու հնարավորություն ունեցել են նաև լրագրողները, այ իսկ դրա մասին չի ասվում, չի նկարահանվում, չի խոսվում՝ անվտանգային նկատառումներից ելնելով, ինչն էլ, ի դեպ, հնարավորություն է տալիս Սարգսյանին ասելու, որ ոչինչ չի արվում, իսկ այ իրենց ժամանակ, իբր թե, արվում էր։

Հիշեցմանը, թե իրենց համակիրները նշում էին, որ «մնացել է վերջին «փամփուշտը», որ այս իշխանությունները պետք է հեռանան», Սարգսյանն ասաց, թե իրենք երկրի ներսում փամփուշտ չեն օգտագործում։ Մարտի 1-ի հիշեցումից հետո էլ ասաց. «Էդ փամփուշտը մենք չենք օգտագործել, օգտագործել է իրավապահ մարմինը և օգտագործել է ճիշտ տեղին, ժամանակին»։ Դիտարկմանը, թե ոստիկանությունը իշխանություններին, նախագահին ենթակա մարմին էր, Սարգսյանը 2008-ից տեղափոխվեց մեր օրեր՝ ասելով, որ հիմա ընդդիմադիր են։ Մեր պնդումից հետո, որ խոսքը 2008-ի մասին է, իսկ Սերժ Սարգսյանը այն ժամանակ ընդդիմություն չէր, ստիպված եղավ պատասխանել՝ կրկին մեղքը դնելով այն ժամանակվա ընդդիմության վրա։

Հիշեցնենք, որ 2008-ին Սերժ Սարգսյանը վարչապետ էր, կառավարության գլուխը և նախագահի թեկնածուն, որին սատարում էին Ռոբերտ Քոչարյանը, ՀՀԿ-ն, ու, ըստ էության, Քոչարյանը իշխանությունը հանձնում էր Սարգսյանին, և այդ ժամանակ նրանք մի թիմ էին։ Սարգսյանը տարիներ շարունակ Մարտի 1-ի դեպքերի ողջ պատասխանատվությունը փորձել է թողնել Ռոբերտ Քոչարյանի վրա, Քոչարյանն էլ փորձել է Սարգսյանին համահեղինակ սարքել։ Բայց օբյեկտիվ իրականությունն այն է, որ որքան էլ ոստիկանությունը ենթարկվում էր նախագահին, Սարգսյանը այդ թիմին օտար չէր, ավելին՝ Մարտի 1-ի «արդյունքների» շահառուն որքան Քոչարյանն էր, նույնքան էլ, եթե չասենք ավելի՝ Սարգսյանը։

Մարտի 1-ի դատաքննության ընթացքում, որը կայանում էր Սարգսյանի պաշտոնավարման տարիներին, որի օրոք կեղծվեցին ապացույցները, անցան վաղեմության բոլոր ժամկետները, 2008-ի մինչև մայիս ոստիկանապետի պաշտոնում պաշտոնավարած Հայկ Հարությունյանը իր ցուցմունքում հայտնել է, որ Երևան քաղաքում ստեղծված իրավիճակի մասին զեկուցել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում իրականացված միջոցառման մասին զեկուցել է միայն Ռոբերտ Քոչարյանին։ Իսկ սպանություններից հետո Սարգսյանը ոչ միայն հաջող պաշտոնավարեց նախագահի պաշտոնում, այլև հաջող կոծկեց Մարտի 1-ի գործը, իսկ հիմա պնդում է, թե երկրի ներսում իրենք փամփուշտ չեն օգտագործում։ «Բռնվելուց» հետո էլ ստիպված է լինում խոստովանել, որ ամեն դեպքում կիրառում են, սակայն խաղաղ ցուցարարներին գնդակահարելը Սարգսյանը տեղին ու ժամանակին է որակում։ Իր տեսանկյունից՝ այո՛, տեղին ու ժամանակին է եղել։ Հակառակ դեպքում նա չէր ստանձնի նախագահի լիազորությունները, կբացահայտվեին իրենց կողմից ենթադրաբար կատարված հանցագործությունները, թալանը, բայց ոստիկանությունը տեղին ու ժամանակին փամփուշտ օգտագործելով՝ Քոչարյանին ու Սարգսյանին փրկեց վերահաս «աղետից»։

Վովա Հակոբյան 

Կիսվել սոց․ ցանցերում