Նավալնիի ընտանիքն ու համախոհները չեն կարողանում գտնել նրա դ ին, այն չկա ոչ բանտում, ոչ՝ դիահերձարանում. մանրամասներ

Փետրվարի 16-ին Ռուսաստանի Դաշնային պատժիչ ծառայության տեղական վարչությունը հայտնել էր ՌԴ ամենահայտնի ընդդիմադիր գործիչ և Պուտինի ակտիվ քննադատ, բլոգեր և երկրի Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար, անազատության մեջ գտնվող Ալեքսանդր Նավալնիի մահվան մասին:

Ալեքսեյ Նավալնիի ընտանիքը երեկ ամբողջ օրը փորձել է գտնել ու ստանալ քաղաքական գործչի մարմինը, սակայն ապարդյուն։

Դաշնային պատժիչ ծառայությունը հայտնել է միայն նրա մահվան մասին, որից հետո Նավալնիի մայրը և նրա փաստաբանը ժամանել են Խարպեի գաղութ, որտեղ նա կրում էր իր պատիժը։ Այնտեղից նրանց ուղարկել են Սալեխարդի դիահերձարան, բայց դիահերձարանում պնդել են, որ Նավալնիի մարմինը չի հասել իրենց, այնտեղ չէ։ ՌԴ Քննչական կոմիտեից ընդդիմադիր գործչի շրջապատին ասել են, որ դեռ պարզում են քաղաքական գործչի մահվան պատճառը և հետաքննությունը չեն ավարտի հաջորդ շաբաթվանից շուտ, գրում է BBC-ն:

Հայտնել են, թե ուր է տեղափոխվել Նավալնիի մարմինը, ժամանելով՝ այն չեն գտել

Փետրվարի 17-ի կեսօրին՝ Ալեքսեյ Նավալնիի մահվան առաջին հաղորդագրություններից մեկ օր անց, նրա մայրը՝ Լյուդմիլան, ժամանել է Յամալո-Նենեց ինքնավար շրջանի Խարպ քաղաքի գաղութ, որտեղ իր պատիժն էր կրում Նավալնին և գտնվում վերջին ամիսներին։ Այնտեղ նրան պաշտոնապես հաստատել են որդու մահվան մասին, ասել է Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։

«Նրա մահը տեղի է ունեցել փետրվարի 16-ին՝ տեղական ժամանակով ժամը 14:17-ին (ՀՀ ժամանակով՝ 15:17), ինչպես գրված է Ալեքսեյի մորը տրված պաշտոնական ծանուցման մեջ»,- ասել է Յարմիշը: Նա ընդգծել է, որ Նավալնիի շրջապատը պահանջում է, որ  վերջինիս մարմինը «անհապաղ» հանձնվի իր ընտանիքին։

Գաղութի աշխատակիցը Լյուդմիլա Նավալնայային ասել է, որ քաղաքական գործչի մարմինը Քննչական կոմիտեի քննիչների խնդրանքով տեղափոխվել է Սալեխարդի դիահերձարան՝ «հետազոտության»:

Դրանից հետո Նավալնիի մայրը և նրա փաստաբանը գնացել են Սալեխարդի դիահերձարան։ Բայց, չնայած գաղութից արված հավաստիացումներին, պարզվել է, որ դիահերձարանը փակ է: Փաստաբանը հայտնել է, որ զանգահարել է դռան վրա նշված հեռախոսահամարով։ Նրան պատասխանել են, թե օրվա ընթացքում նույն հարցով դա արդեն յոթերորդ զանգն է: Նրանք Ալեքսեյի մարմինը դիահերձարանում չունեն։

«Գաղութը խաբեց. Նրանք ասացին, որ մարմինը գտնվում է Սալեխարդի դիահերձարանում: Ասում են՝ մարմին չկա»,- ասաց ՖԲԿ տնօրեն Իվան Ժդանովը։

Reuters գործակալությունը, անդրադառնալով փաստին, գրում է, որ Սալեխարդում միայն մեկ դիահերձարան կա և շփոթմունք լինել չէր կարող:

Լրագրողներն իրենց հերթին փորձել են պարզել, թե որտեղ է Նավալնիի մարմինը։ Mediazona-ի թղթակիցը զանգահարել է Սալեխարդի շրջանային հիվանդանոցի պաթոլոգիայի բաժանմունքի վարիչ Սերգեյ Իվչենկոյին։ Նա, լսելով  հարցը, թե որտեղ է Նավալնիի մարմինը, կախել է հեռախոսը։ Reuters-ի լրագրողները նույնպես զանգահարել են դիահերձարան և ստացել պատասխան, որ Նավալնիի մարմինն այնտեղ չէ։

Astra հրատարակությունը զրուցել է Սալեխարդի դատաբժշկական փորձաքննության բյուրոյի ներկայացուցիչների հե։ Նրանք հայտնել են, թե «գաղութներից դիակներ առհասարակ չեն ընդունվել» և լրագրողներին առաջարկեցլ են դիմել Քննչական կոմիտե։

Քննչական կոմիտեն չի հայտնում՝ որտեղ է քաղաքական գործչի դին, բայց «ստուգում» է անում

Նավալնիի մերձավորները պնդում են, որ միայն շաբաթ օրը Ռուսաստանի Քննչական կոմիտեն արդեն մի քանի անգամ փոխել է քաղաքական գործչի հետ կատարվածի և նրա մարմնի գտնվելու վայրի մասին վարկածները։

Ինչպես ասել է Յարմիշը, Նավալնիի փաստաբաններից մեկը փետրվարի 17-ի կեսօրին գնացել է Սալեխարդում գտնվող Քննչական կոմիտեի գրասենյակ։ Այնտեղ նրան հայտնել են, որ Նավալնիի մահվան պատճառը չի պարզվել, և «կատարվել է կրկնակի հյուսվածաբանական հետազոտություն», որի արդյունքները, ենթադրաբար, հայտնի կլինեն հաջորդ շաբաթ:

«Ակնհայտ է, որ նրանք ստում են և անում են ամեն ինչ՝ մարմինը չտալու համար»,- ասել է Յարմիշը։

Այնուհետ, ըստ Յարմիշի, քննիչները փաստաբաններին ասել են, որ ստուգումն ավարտվել է, և փորձագետները «հանցագործության տարրեր» չեն հայտնաբերել։ Բայց հետո Քննչական կոմիտեն կրկին հայտարարել է, որ ստուգումը դեռ շարունակվում է, և ուղղակիորեն նշել, որ մինչև ստուգման ավարտը Նավալնիի մարմինը չի տրվի հարազատներին:

 

Ինչքան կարող է տևել «ստուգումը»

Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի Քննչական կոմիտեի գրասենյակը փետրվարի 16-ին հայտարարել էր Նավալնիի մահվան գործով դատավարական հետաքննություն անցկացնելու մասին։

Ռուսաստանում նման ստուգումները կարգավորվում են Քրեական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածով։ Այն նախաքննությանը երեք օր ժամանակ է տալիս դեպքի հանգամանքները ճշտելու համար, սակայն որոշ դեպքերում թույլ է տալիս այդ ժամկետը երկարացնել մինչև 30 օր։ Նման դեպքերը ներառում են, ի թիվս այլ բաների, «դիակների հետազոտություն»։ Նշված ժամկետից հետո քննությունը կամ պետք է քրեական գործ հարուցի, կամ էլ որոշի դա չձեռնարկել։

Գաղութում Նավալնիի մայրը տեղեկացվել է, որ գործչի մահվան պատճառը «հանկարծակի մահվան համախտանիշն» է ( RT ալիքը հայտնել է, թե Նավալնին իբր արյան մակարդուկ է ունեցել):

Հազիվ թե սա պաշտոնական ախտորոշում համարվի. հիվանդությունների միջազգային դասակարգման մեջ նման համախտանիշ չկա (կա, օրինակ, «սրտային հանկարծակի մահվան» համախտանիշ): Բայց ինքնին ձևակերպումը ցույց է տալիս, որ Խարպում գտնվող գաղութը Նավալնիի մահը համարում է ոչ բռնի: Միաժամանակ անհասկանալի է, թե ինչպես կարող էր «ԻԿ-3» գաղութը գալ այս եզրակացության, եթե Քննչական կոմիտեն պնդում է, որ ստուգումը դեռ չի ավարտել։

Նախօրեին դաշնային քրեակատարողական ծառայությունը հայտնել էր միայն, որ Ալեքսեյ Նավալնին մահացել է, երբ զբոսանքից վերադառնալուց հետո ինքնազգացողության վատացում է ունեցել:

«Ակնհայտ է, որ մարդասպանները ցանկանում են թաքցնել իրենց հետքերը, ուստի նրանք չեն տալիս Ալեքսեյի մարմինը և թաքցնում են այն նույնիսկ մորից», — սոցցանցերում հայտնել է Նավալնիի թիմը՝ պահանջելով անհապաղ տրամադրել ընդդիմադիր գոործչի մարմինը։

Առաջիկայում դժվար թե անկախ փորձաքննություն իրականացվի

Կան հստակ սահմանված կանոններ, որ Ռուսաստանի իշխանությունները պարտավոր են կիրառել բանտում բանտարկյալի մահվան դեպքում։ Դրանք կարգավորվում են արդարադատության նախարարության ցուցումներով։ Դրանում ասվում է, որ անկախ բանտարկյալի մահվան պատճառներից, պետք է հետաքննություն անցկացվի։

Թե կոնկրետ ով պետք է դա անի, հրահանգներում նշված չէ: Բայց, ըստ հրահանգների, այն պետք է իրականացվի հենց FSIN համակարգի շրջանակներում:

Դատապարտյալի մահվան նախաքննական ստուգումն իրականացնում է Քննչական կոմիտեն անկախ նրանից, որ դրանք իրար հետ կապ չունեցող ընթացակարգեր են:

Փաստաբան Իրինա Բիրյուկովան BBC-ի հետ զրույցում ասել է, որ նախաքննական ստուգման պատճառով մոտ ապագայում «անհնար» կլինի ձեռք բերել Նավալնիի մարմինը, այդ թվում՝ անկախ փորձաքննության համար:

«Ցանկացած անկախ փորձաքննություն հնարավոր է միայն քննիչի թույլտվությամբ, որը, բնականաբար, չի տա»,- ասաց նա։ Եթե քննությունը որոշի թունաբանական հետազոտություններ անցկացնել, ապա գործընթացը կարող է երկար տևել, պարզաբանեց նա։

Արդարադատության նախարարության նույն հանձնարարականով առանձին կարգավորվում է անազատության մեջ մահացած ռուսաստանցիների հուղարկավորությունը և, մասնավորապես, նրանց մարմինները հարազատներին հանձնելու գործընթացը։ Կա հետևյալ ձևակերպումը. «Մահացածի դիակի հանձնումը ամուսնու, մերձավոր ազգականների, հանգուցյալի օրինական ներկայացուցչի կամ հանգուցյալին հուղարկավորելու պարտականությունը ստանձնած այլ անձի խնդրանքով չի կարող հետաձգվել մահվան պատճառը պարզելու պահից հետո 2 օրից ավելի»։

Դատելով Նավալնիի մերձավորների խոսքերից, նրա դեպքում իշխանությունները դեռ պնդում են, որ դեռևս չեն պարզել քաղաքական գործչի մահվան պատճառը։

Ալեքսեյ Նավալնին 47 տարեկան էր։

Հիշեցնենք՝ Մոսկվայի արտագնա դատարանը Ռուսաստանի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին 19 տարվա ազատազրկման էր դատապարտել 2023 թվականի օգոստոսին։ Նիստը տեղի էր ունեցել Վլադիմիրի խիստ ռեժիմի գաղութում, որտեղ տևական ժամանակ պահվում էր Նավալնին։

Նա մեղավոր էր ճանաչել ծայրահեղականության կոչերի, քաղաքացիների իրավունքները ոտնահարող հասարակական կազմակերպություն ստեղծելու, ծայրահեղականության ֆինանսավորման, ծայրահեղական համայնք ստեղծելու, անչափահասներին վտանգավոր գործողությունների մեջ ներգրավելու և նացիզմը վերականգնելու համար։

Մինչ ձերբակալությունը Ռուսաստանի Դաշնության ամենահայտնի ընդդիմադիր գործիչ և Պուտինի ակտիվ քննադատ, ՌԴ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար, բլոգեր Ալեքսանդր Նավալնիին թունավորել էին «Новичок» կոչվող թունանյութով:

Գերմանացի բժիշկների՝ ՌԴ ժամանումից և հատուկ հրավիրված կոնսիլիումից, երկար բանակցություններից և ռուսական կողմի հատուկ թույլտվությունից հետո միայն հաջողվեց Նավալնիին տեղափոխել Գերմանիա, որտեղ էլ հաստատվեց նրա թունավորման վարկածը:

Նավալնիի բուժումից, ձերբակալումից և մեղադրանքի մասին հայտնի դառնալուց հետո Ռուսաստանում տեղի էին ունեցել լայնամասշտաբ ու չարտոնագրված բողոքի ցույցեր՝ ի պաշտպանություն քաղաքական գործչի, որոնք անմիջապես ճնշվել էին:

Կիսվել սոց․ ցանցերում