«Հայկական ժամանակ»-ը ներկայացնում է հարցազրույց Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի հետ:
— Պարոն Բաբալարյան, ԵՄ առաջնությունում արդյոք Ձեր սպասելիքներն արդարացա՞ն:
— Թիմը նորմալ է մասնակցել, բայց մեր տղաները վնասվածքներ շատ ունեին, կարող էինք ավելին անել, չհաջողվեց. վնասվածքները խեղդեցին: Գալստյան Սլավիկի մեջքն էր ցավում, պիտի բուժումների տանենք: Դժգոհ չեմ, ավելի շատ գոհ եմ, ուրախ, որ 20 տարեկան Մանվել Խաչատրյանը գործող Եվրոպայի չեմպիոնին հաղթեց, դա ամենաշատն ուրախացրեց: Անցած տարի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում 3-րդ տեղի պայքարում շատ պատահական Մանվելը պարտվեց, մի քիչ փորձն էր պակաս, բայց կամաց-կամաց այդ փորձը ձեռք կբերի:

— Արթուր Ալեքսանյանի հաղթանակը կարծեք անակնկալ չէր:
— Բնականաբար, Մալխաս Ամոյանինը՝ ևս, Մանվելի հաղթանակն էլ անակնկալ չէր, նա վաղուց էր այդ քայլերին մոտեցել, բայց դանդաղեց: Իսկ Արթուրի մասին ի՞նչ ասեմ. Արթուրը նախ շատ հիվանդ էր, հազում էր, անգամ ասացի՝ Արթուր ջան, այս մրցման համար արի օլիմպիական խաղերի հունը չփոխենք, բայց վերջում ինքը հավաքվեց, ասաց՝ պատրաստ է. շատ կամային բնավորություն ունի:
— Արթուր Ալեքսանյանը հարցազրույցում ասել է, որ բոլորն իր դեմ են պատրաստվում, ինքն է բոլորի կարևոր ու անպարտելի մրցակիցը: Ըստ Ձեզ՝ ո՞րն է ֆենոմենը, որ այդքան անսասան ու անզիջում է հաղթանակի մեջ:
— Գիտե՞ք՝ իրեն ամեն անգամ ինչ եմ ասում վերջի պահին՝ գորգ դուրս գալիս, ուշադիր եղիր՝ քեզ չցավեցնեն, չվնասեն, որովհետև մարզիկներ կան, օրինակ, անցած տարի ԵԱ-ի ժամանակ բուլղարացի մարզիկը եզրափակչում եկավ խփեց ոտքին, ոտքն ուռչեց, և Արթուրը ֆիզիկապես չէր կարող շարունակել այդ մրցումը: Այսինքն, եթե չեն կարողանում հաղթել, աշխատում են մի տեղ վնասել:
— Եթե մի քանի բառով բնութագրեք Արթուր Ալեքսանյանին և Ռոման Ամոյանին՝ թե՛ որպես մարդու, թե՛ որպես մարզիկի:
— Սպորտում երկուսն էլ իրենք իրենց հանդեպ շատ պահանջկոտ են թե՛ պարապմունքների, թե՛ ռեժիմի, թե՛ բոլոր կարևոր հանգամանքներում: Որպես մարդ՝ մեծատառով մարդիկ են, բարի, կամեցող իրենց մտերիմների, ընկերների հանդեպ, Աստված էլ տեսնում է, տալիս իրենց արժանին:
— Իսկ սպորտում պե՞տք է բարի լինել:
— Գորգի վրա պետք է դաժան լինել, անգամ եթե մրցակիցդ զույգ եղբայրդ է:
— Յուրաքանչյուրի մարզիկի հետ յուրովի՞ եք աշխատում:
— Բնականաբար, ամեն մարզիկ ունի իր խառնվածքը, բնավորությունը, իր հնարքների պոտենցիալը, մեկը մի հնարք է անում, մյուսը՝ մեկ այլ: Նույնը ոնց որ մեկ ընտանիքում կա 4-5 երեխա, ամեն մեկը նույնը հո չէ, ունեն տարբեր բնավորություն, խառնվածք ու աշխարհայացք, նույնն էլ՝ այստեղ: Դրա համար ամեն մեկի հետ նրա բնավորության, խառնվածքին համարժեք մոտեցմամբ ենք աշխատում:
— Իսկ ավելի շատ աշխատում եք թույլ կողմերը հղկելո՞ւ, թե՞ ուժեղ կողմերի վրա:
— Շատ ճիշտ եք հասկանում, որովհետև, եթե հակառակորդը մեր թույլ կողմերը նկատում է, կարողանում է անընդհատ հարվածել այդտեղ ու հաղթել: Ավելի շատ թույլ կողմն ենք զարգացնում:
— Կարծիք կա, որ մարզիկի համար ավելի դժվար է տրվում նույն տիտղոսը վերանվաճելը, քան առաջին հաղթանակը: Իսկապե՞ս այդպես է:
— Եկեք դասակարգենք մարզիկներին, որովհետև մարզիկ կա՝ մեկ անգամ է հաղթել, մարզիկ կա՝ երկու, մարզիկ էլ կա՝ ամեն տարի: Եթե մարզիկը տարիներ շարունակ մեդալ է վաստակում, կոչվում է ստաբիլ մարզիկ:
— Այս դեպքում հաղթանակը բնավորությո՞ւն է դառնում:
— Իհարկե, եթե մարզիկը բնավորությամբ ավելի կայուն է, ստաբիլ:
— Որքան էլ մարզիկներին առաջին հայացքից դիտարկում ենք ուժի տեսանկյունից, շատ կարևոր է նաև հոգեբանական պահը: Դուք ի՞նչն եք կարևորում Ձեր աշխատանքում, ի՞նչ զրույցներ եք ունենում նրանց հետ:
— Ես դա գաղտնի կպահեմ: 11-12 տարի եղել եմ ԽՍՀՄ հավաքականի կազմում, 3-4 անգամ ԽՍՀՄ հաղթող. ճանապարհ անցած մարզիկը միայն կարող է բացատրել իր մարզիկներին, որ սա չի կարելի, ռեժիմը պետք է այսպիսին լինի, սնունդը՝ այսպիսին, պարապմունքին նվիրվածությունը «ատդաչան» պետք է լինի լիարժեք: Եթե կիսատ լինի, արդյունքն էլ կիսատ կլինի:
— Ի՞նչ ապրումներ եք ուենում հաղթանակների դեպքում:
— Ավելի լավ է լինեմ մարզիկ, իմ տեղն եմ պատասխան տալիս, բայց երբ որ մարզիչ ես, բոլորի համար ես պատասխանատու:
— Կկիսվե՞ք այն պահերով, որոնք ստիպել են Ձեզ հուզվել:
— Այնքան շատ են այդ դեպքերը, ամեն գոտեմարտից հետո, նամանավանդ որ «աբիդնի» պարտություն է լինում, երբ գիտեմ՝ մեր տղան ուժեղ է, բայց պատահական ինչ-որ մի բան չի ստացվում, պարտություն է լինում:
— Շատ կարևոր է նաև, որ պարտությունից հետո էլ մարզիկն իրեն գնահատված ու սիրված զգա, չկոտրվի: Նման դեպքերում ի՞նչ եք անում:
— Ասում եմ՝ ամեն պարտություն ունի իր հաղթանակը, ամեն հաղթանակից առաջ կանգնած է պարտությունը: Երբեմն պարտությունը կարող է շատ ավելի մոտիվացնել:
— Ինչպե՞ս պետք է մոտենալ հակառակորդին:
— Շատ կարևոր է հարգանքը հակառակորդի հանդեպ, հաղթեցիր, հետևություններ արա քո հաղթանակից, պարտությունից էլ:
— Կապ ունի, թե ո՞վ է մրցակիցը, օրինակ, երբ թուրք կամ ադրբեջանցի մարզիկ է լինում, մեր մարզիկների մոտ կարծես հաղթելու ցանկությունն ավելի է մեծանում:
— Բնականաբար, մենք էլ, իրենք էլ ուզում ենք հաղթած լինել: Պետք է նաև հոգեբանորեն հաղթել, տեխնիկատակտիկական հնարքներով, ոչ միայն ուժով:
— Պարոն Բաբալարյան, առջևում Օլիմպիական խաղերն են, ի՞նչ սպասելիքներ ու ակնկալիքներ ունեք, ինչպե՞ս եք պատրաստվում:
— Եկեք ակնկալիքներից չխոսեմ, որովհետև այդ հարցերին կկարողանամ պատասխանել միայն Օլիմպիական խաղերից հետո, որովհետև չգիտենք՝ վաղը ինչ կլինի, ով ինչ վնասվածք կստանա, իրեն ոնց կզգա, ոնց կմարզվեն, ոնց կմոտենան: Փուլեր են, որ պետք է մարզիչների հետ անցնենք:
