Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարները կքննարկեն ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան պատասխանատուների դեմ պատժամիջոցների սահմանման հարցը։
Այս մասին Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Այո՛, անդամ երկրներն անպայման կառաջարկեն պատժամիջոցներ սահմանել Ալեքսեյ Նավալնիի մահվան պատասխանատուների դեմ»,- ասել է նա:
Բորելի խոսքով՝ Եվրամիությունը մտադիր է մարդու իրավունքների խախտման համար պատասխանատուների դեմ սահմանափակիչ միջոցներ մտցնելու իր պատժամիջոցային մեխանիզմն անվանել Նավալնիի անունով։
«Մենք կառաջարկենք մարդու իրավունքների խախտման պատժամիջոցային ռեժիմը վերանվանել Նավալնիի անվամբ»,- ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։
ԵՄ արտգործնախարարների նիստին ելույթ կունենա նաև Նավալնիի այրի Յուլյա Նավալնայան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 16-ին Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի թիվ 3 ուղղիչ գաղութում մահացել է քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին:
