Ֆրանսիան իր ջանքերը կգործադրի, բայց Ֆրանսիան և ֆրանսիացին մեր փոխարեն չի կռ վելու

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է երեկ Փարիզում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններին և մեղադրանքներին՝ դրանք համարելով «անհիմն և միակողմանիորեն Հայաստանին պաշտպանող»: Այս առնչությամբ Civic.am-ի հետ զրույցում հայտնելով իր տեսակետը՝ քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանն ասաց, որ վերջապես պետք է հասկանանք, որ անխուսափելի է այն, ինչ որ պետք է լինի. պատերազմ է լինելու, և պետք է պատրաստվել դրան։

«Մենք տեսնում ենք, որ այդ երկիրը, իր բարձրագույն ղեկավարով և արտաքին քաղաքական գերատեսչությամբ հանդերձ, խաղաղությանը հակոտնյա հայտարարություններ է հնչեցնում և փորձում է տապալել բոլոր կառուցողական մոտեցումները, որոնք գալիս են թե՛ ՀՀ-ից, թե՛ քաղաքակիրթ աշխարհից, հետևաբար մենք պետք է ի գիտություն ընդունենք նրանց դիրքորոշումը։ Իրենք ի սկզբանե չեն թաքցրել իրենց նպատակները»,- ասաց քաղաքագետը։

Այնուհետև նա նշեց, որ մեր ընկալմամբ խաղաղությունը և Ադրբեջանի ընկալմամբ խաղաղությունը տարբեր բաների մասին են, մենք այն հասկանում ենք իբրև փոխադարձ համագործակցություն՝ բարիդրացիության համատեքստում, իսկ նրանք պատկերացնում են տարածաշրջանն առանց Հայաստանի։

Քաղաքագետը հարց է բարձրացնում՝ հիմա մենք պատրա՞ստ  ենք հասկանալու իրողությունները նրանց տեսակետից, թե՞ ինքնախաբեությամբ ենք զբաղվելու. ամբողջ խնդիրը դա է։

Քաղաքագետը կարծում է, որ պատերազմն անխուսափելի է, որովհետև հայկական պետականությունն ինքնին իր գոյությամբ, առանց որևէ կամարտահայտության, արդեն իսկ որ կա, տարածքային պահանջ է Ադրբեջանի հաշվին, որովհետև բոլոր տեսակի տարածքները, որ նա ունի միջազգային իրավունքի տեսակետից, չի կարող ամրագրել, խոցելի է։

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեքորնյուն շուտով կայցելի Հայաստան։ Վերջինս հայտարարել է, որ պատմության մեջ սա առաջին անգամ է, երբ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը մեկնում է Հայաստան, ինչպես նաև նշել է հետևյալը.  «Հայաստանը բախվում է անվտանգության լուրջ մարտահրավերների՝ ներառյալ ինքնիշխանության և սահմանների պաշտպանության հարցերը՝ կապված Ադրբեջանի սպառնալիքների հետ, և Ֆրանսիան պատասխանատու է Հայաստանին աջակցելու առումով՝ նրա պաշտպանական պոտենցիալը մեծացնելու համար։ Խոսքը երկիր-օդ տեսակի պաշտպանության և զրահատեխնիկայի մասին է, բայց բացառապես պաշտպանական նպատակներով»,- ասել է Լեքորնյուն։

Այս առնչությամբ քաղաքագետն ասաց, որ մենք պետք է գիտակցենք, որ ռազմարվեստի մեջ հարձակողական և պաշտպանողական զինատեսակ ասվածը կեղծ կատեգորիա է և քաղաքական նշանակություն ունի։

«Այն զենքերը, որոնք կոչված են, այսպես ասած, պաշտպանվելու համար, դրանցով կարելի է նաև հարձակվել, և այն զենքերը, որոնք համարվում են հարձակողական, դրանցով կարելի է նաև պաշտպանվել։ Սա համապատասխան փաթեթավորումն է այն քաղաքականության, որն իրականացվում է, բայց խնդիրն այլ տեղ է։ Ֆրանսիան իր ջանքերը կգործադրի, բայց Ֆրանսիան և ֆրանսիացին մեր փոխարեն չի կռվելու»,- ասաց քաղաքագետը։

Խոսելով նաև Մոսկվայում Հայաստանի պահանջով ձերբակալված և 2 հադրութցու գլխատման համար մեղադրվող ադրբեջանցի ֆիթնես-մարզիչ Քամիլ Զեյնալիի Բաքու վերադարձի մասին, քաղաքագետն ասաց, որ այս ամենից հետո մենք պետք է դադարենք Ռուսաստանին ռազմավարական դաշնակից կամ գործընկեր համարել, որովհետև ինչքան համարենք, այնքան ավելի ծայրահեղ հանցագործությունների կգնան Հայաստանի հանդեպ. առաջին մեսիջը սա է։

«Էլ ոնց մեզ բացատրեն, որ իրենք մեր ռազմավարական դաշնակիցը չեն, մեր գործընկերը չեն։ Օրը ցերեկով նրանք հարձակվեցին հարևան պետության տարածքների վրա, նվաճողական քաղաքականություն իրականացրին, մեր ինքնիշխան տարածքների վրա նստած՝ չեն թողնում  ինքնիշխան որոշումներ կայացնենք. ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ պարտավորություններ, ի՞նչ ԵԱՏՄ, ի՞նչ ՀԱՊԿ, ի՞նչ ԱՊՀ»,- նշեց Գուրգեն Սիմոնյանը։

Ինչ վերաբերում է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի այսօրվա հայտարարություններին, մասնավորապես առ այն, թե Ուկրաինան պետք է ընտրություն կատարի Ռուսաստանի հետ ընդհանուր պետությունում նորմալ կյանքի կամ անվերջ պատերազմի միջև, քաղաքագետն ասաց, որ նա խրոնիկ և խորը «ալկոհոլիկ է», և նրա արտաբերած բառերը տրամաբանության շարքին չեն պատկանում։
«Նա միջուկային սպառազինությամբ է սպառնում և այլն, և այլն։ Այնպես որ, եթե թողնում են նրա խոսքը արտահոսք կատարի ԶԼՄ-ներ, ապա իրենք իրենց կամքն են փաթեթավորում, հետո վերջում էլ, եթե մի բան այն չլինի, կասեն՝ դե մարդը հարբեցող է, բայց իրենց կամքն է, չէ՞, արտահայտում, իրենց ցանկությունները։ Որոշ տաքգլուխներ կան Հայաստանում, որ կարծում են, թե ԽՍՀՄ-ն է վերականգնվում. ոչ, իմպերիան է վերականգնվում՝ Խորհրդային Միության ամբիցիաներով, բայց շատ ավելի այլասերված արժեքաբանությամբ»,- եզրափակեց քաղաքագետը։

Լիլիթ Թադևոսյան   

Կիսվել սոց․ ցանցերում