ՌԴ-ին չեն մտահոգում ՀՀ շահերը. ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը

ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության շուրջ վարչապետ Փաշինյանի օրերս արված հայտարարությունների ու պաշտպանության ոլորտում Երևանի ձեռնարկած քայլերի մասին:

Պետքարտուղարությունը հայտնել է. «Մենք հարգում ենք Հայաստանի՝ որպես անկախ երկրի ցանկությունը՝ շարունակելու իր ընտրած անվտանգային հարաբերությունները, և մենք աջակցում ենք տարածաշրջանի բոլոր երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»։

Անդրադառնալով Մոսկվայի հետ Երևանի հարաբերություններում առկա խնդիրներին՝ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է. «Ռուսաստանը վստահելի կամ բարեխիղճ դաշնակից կամ գործընկեր չէ Հարավային Կովկասում կամ այլուր: Մենք բազմիցս տեսել ենք, որ Ռուսաստանին չեն մտահոգում Հայաստանի շահերը»:

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24-ին տված հարցազրույցում նշել էր, որ «Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին, ըստ էության, գործնականում սառեցված է, իսկ ինչ կլինի վաղը՝ վաղը կերևա»։

Կիսվել սոց․ ցանցերում