ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ժողովրդավարական բարեփոխումները արժեքային հիմք են Հունաստանի և ընդհանրապես ԵՄ-ի հետ հարաբերությունների համար. վարչապետ

Մեր հարաբերություններում ամենևին էլ երկրորդական դեր չի կատարում այն, որ երկու երկրները առանցքային նշանակություն են տալիս բարեփոխումներին, մասնավորապես, ժողովրդավարական բարեփոխումներին։

Այս մասին Հայաստանի և Հունաստանի վարչապետների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Նիկոլ Փաշինյանը։

«Սա շատ կարևոր արժեքային հենք է ստեղծում մեր հարաբերությունների զարգացման համար, ոչ միայն Հունաստանի, այլև ԵՄ-ի հետ ընդհանրապես։ Ուզում եմ շնորհակալություն հայտել Հունաստանին  ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների զարգացմանը աջակցելու և հետագա աջակցության պատրաստակամության համար։ Տեղյակ եք, որ Եվրամիությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի հիմնական գործընկերներից է, այս համատեքստում մեր համագործակցությունը արդեն ցույց է տվել իր արդյունքները և համոզված եմ՝ առաջիկայում ավելի տեսանելի արդյունքներ կլինեն։

Ուզում եմ ընդգծել նաև Հունաստանի մասնակցությունը ՀՀ-ում ԵՄ-ի քաղաքացիական առաքելությանը, որը դիտարկում է Ադրբեջանի և ՀՀ-ի սահմանը, Հունաստանի մասնակցությունը այստեղ շատ գնահատելի է ու կարևոր։ Քննարկեցինք նաև մեր տարածաշրջանային իրավիճակը, հատուկ անդրադարձ ունեցանք էթնիկ զտումների արդյունքում ԼՂ-ից տեղահանված ավելի քան 100,000 հայերի հումանիտար կարիքների բավարարման գործընթացին։

Ես վարչապետին պատմեցի այն միջոցառումները, որ մենք հասցրել ենք իրականցնել, ասացի նաև, որ մենք այժմ երկարաժամկետ ծրագրերի, որոշումներ կայացնելու փուլում ենք։ Եթե մեր հայրենակիցները ԼՂ վերադառնալու իրատեսական հնարավորություն չունենան, մեր քաղաքականությունն է ամեն ինչ անել, որ մնան ՀՀ-ում, այսօր քննարկեցինք այս իրավիճակի հետ կապված հարցեր»,- նշեց ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ Հունաստանի վարչապետի հետ միասին քննարկել են տարածաշրջանային, միջազգային իրավիճակի հետ կապված հարցեր։

Նիկոլ Փաշինյանը վերջինիս տեղեկացրել է Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ գործադրվող ՀՀ ջանքերի և առկա խնդիրների մասին:

«Իհարկե տեղյակ եք, որ առաջիկայում սպասվում է Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, պետք է հույս ունենանք, որ այդ հանդիպման  ընթացքում հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել»,- նկատեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Կիսվել սոց․ ցանցերում