Թույլ չտանք, որ Աлիևը մեր երկրում օրակարգ թելադրի. Ալեն Սիմոնյան

«Ժամանակին, երբ որ բանակցություններ էին տեղի ունենում, Ալիևը մշտապես կրակում էր մեր զինվորների վրա, հարձակումներ էին գործում՝ դրանով փորձելով բանակցությունների վրա ճնշում գործադրել»:

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խնդրելով թույլ չտալ այն փորձերը, որ Ալիևը ՀՀ-ում օրակարգ թելադրի:

«ՀՀ-ն, երբ որ կորոշի, որ իր Սահմանդրության կամ օրենսդրության մեջ բան պետք է փոխի, այն ժամանակ էլ կփոխի: 2020 թվականի սկզբին (բուկլետի հեղինակն էլ ես եմ եղել) մենք Սահմանադրական գործընթացը սկսել էինք, այդ ժամանակ ինչ պատերազմ, ինչ բան: Մենք ինչու ենք այդ խոսակցությունը սկսել, մենք այդ խոսակցությունը սկսել ենք հանրության հետ, որ մեզ քննադատեն, դուք հարց տաք, հասկանանք հասարակության կարծիքները»,- նշեց Սիմոնյանը:

Շարունակելով խոսել Սահմանադրության փոփոխության մասին՝ ԱԺ նախագահն ասաց, որ կա քննարկում, և կարծում է, որ շատ բան պետք է փոխվի. «Այդպես էր մտածում նաև «Քաղաքացիական պայմանագիր»-ը 2020 թվականի հունվարին: Իրենք (նկատի ունի ադրբեջանցիները. -խմբ) հիմա այս ամենը ինչը նստած նայում են, թարգմանում ու վերլուծում են ու խաղում այդ ամեն ինչով»:

Սիմոնյանը վերահաստատեց՝ ՀՀ-ն իր շահերից բխող քայլեր կանի. «Ինչ վերաբերում է խաղաղության պայամանագրին, այո, մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ քննարկել բոլոր խնդիրների լուծումները և որևէ հարց չենք տեսնում, որը մեր համար անքննարկելի է»:

Կիսվել սոց․ ցանցերում