Փարիզը այս հարցով կարծես թե սկսել է բավականին բազմիմաստ մի խաղ

Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարել է, թե պետք է քննարկել Ուկրաինայում արեւմտյան երկրների զինվորականների ներկայության ձեւաչափեր, որոնք մի կողմից թույլ կտան ներկայություն, մյուս կողմից չեն ենթադրի մասնակցություն ռազմական գործողություններին:
Փարիզը այս հարցով կարծես թե սկսել է բավականին բազմիմաստ մի խաղ: Արտգործնախարարի հայտարարությունը հաջորդում է Մակրոնի հայտարարությանը, որը ասել էր, թե չի բացառվում ընդհուպ արեւմտյան ռազմական ներկայություն Ուկրաինայում:
Մակրոնի հայտարարությունը գործնականում ոչ միայն հավանության չարժանացավ այդ պետություններում, այլ Գերմանիան, ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը, եվրոպական այլ լիդերներ հայտարարեցին, որ չկան այդպիսի ծրագրեր եւ այդպիսի հարց օրակարգում:
Դրան հաջորդում է Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությունը: Ըստ ամենայնի, նա փորձում է «մեղմել» Մակրոնի հայտարարության ու եվրոպական փաստացի մերժման հանգամանքը եւ բացատրում, թե խոսքը ռազմական օպերացիաների մասնակցելու մասին չէ, այլ կիբերանվտանգության, ականազերծման եւ այդպիսի այլ «ոչ մարտական» հնարավոր կարիքների:
Մյուս կողմից չի բացառվում, որ Ֆրանսիան դիտարկում է Ուկրաինայում մարտական գործողությունների դադարեցման հասնելու այսպես ասած «հակառակ ճանապարհը». եթե դրանց հնարավոր չէ հասնել խաղաղության մասին խոսելով, ուրեմն պետք է հասնել կրակը ավելի թեժացնելով, թեժացնելով այնքան, որ բոլորը դադարի մասին սկսեն մտածել արդեն անմիջականորեն վառվելու վախից:
Բոլոր դեպքերում ուշագրավ է այն «տրանսֆորմացիան», որ ունեցավ Մակրոնի «խոսույթը» անցնող մեկ տարվա ընթացքում: Նա, որ մեկ-մեկուկես տարի առաջ ներկայացնում էր եվրոպական անվտանգության ճարտարապետության մասին իր պատկերացումն ու դրանում նշում Ռուսաստանի հետ երկխոսության անխուսափելիությունը, այժմ կարծես թե անցել է «պապից ավելի կաթոլիկ» խոսույթի:
Սա կամ «աշխարհքաղաքական հուսահատության» դրսեւորում է՝ այդ թվում օրինակ պայմանավորված Ֆրանսիայի համար ավանդական ազդեցության գոտի Աֆրիկայում ոչ առանց ռուսների մասնակցության ունեցած ձախողումներով, կամ հենց բազմիմաստ խաղ, որ պայմանականորեն կարող ենք ձեւակերպել իբրեւ «շոկային թերապիայի» տրամաբանության գործադրում:
Կիսվել սոց․ ցանցերում