Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը:
Նրան խորհրդարանում ներկայացրել է ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Բաղրամյանն իր ելույթի ժամանակ առանձնացրել է էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման մասով իրականացված աշխատանքները:
Ըստ նրա՝ ռեֆորմը կարևոր ազդակ է միջպետական առևտրի խթանման համար. «Շուկայի մեկնարկից ի վեր Վրաստանից ներկրվել է շուրջ 180 միլիոն կիլովատ-ժամ, իսկ արտահանվել՝ 510 միլիոն, ինչը շուրջ 10 անգամ գերազանցում է շուկայի մեկնարկին նախորդած 10 տարիների միջին տարեկան ցուցանիշը: Միջպետական առևտրի ներուժը հնարավոր կլինի ամբողջությամբ օգտագործել Հայաստան-Վրաստան նոր ենթակառուցվածքի գործարկման արդյունքում»:
Անդրադառնալով պաշտոնում ընտրվելու պարագայում անելիքներին՝ նա մանրամասնել է, որ նախատեսվում է հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքի վերանայում, էներգետիկայի, վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության մասին, ինչպես նաև գազամատակարարման մասին լիովին նոր օրենքների ընդունում, էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքի վերանայում:
Ջրային համակարգի մասով նախատեսվում է լավարկել վարձակալության պայմանագիրը, այդ թվում՝ վերանայել սպասարկման որակի բարելավման, մաքրման կայանների շահագործման վերաբերյալ քաղաքականությունները:
Նաև առաջիկա 2-3 տարվա ընթացքում բնակավայրերի առնվազն 80 տոկոսում հասանելի կլինի բոլոր երեք օպերատորների փոխադարձ ներթափանցելի 4G ծածկույթ: Երևանում, Գյումրիում և Վանաձորում կներդրվի շարժական լայնաշերտ կապի 5G ցանց:
Գարեգին Բաղրամյանը 1995 թվականից աշխատել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում նախ որպես տեխնիկական փորձաքննության վարչության առաջին կարգի մասնագետ: 2004-ից զբաղեցրել է հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության սակագնային բաժնի պետի պաշտոնը, իսկ 2011-ից՝ սակագնային քաղաքականության վարչության պետի պաշտոնը:
2018 թվականի հունիսին նշանակվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ, ապա` ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար: 2019-ին ընտրվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ և այդ պաշտոնը զբաղեցնում է մինչ օրս:
Տեխնիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ, պարգևատրվել է մի շարք մեդալներով:
