Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ռուսաստանի դեսպանության կողմից Հայաստանի մի քանի մարզեր այցելելու մասին նախազգուշացնող հայտարարությանը։
«Ցավոք, ժամանակ առ ժամանակ տարբեր երկրների դեսպանատների կողմից տարածվող հայտարարություններ ենք տեսնում, և, իհարկե, համաձայն չենք այդ հայտարարությունների հետ այն առումով, որ բոլորս էլ գիտենք Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը, բայց ասել, որ Գեղարքունիքի մարզ մի այցելեք, դա որևէ հիմնավորում չունի իմ կարծիքով, կամ ասել՝ Սյունիքի մարզ մի այցելեք:
Կառավարությունը նաև դիվանագիտական խողովակներով միշտ արտահայտում է անհամաձայնություն նման վերացական հայտարարությունների կապակցությամբ, և մենք նաև խնդրում ենք մեր միջազգային գործընկերներին, եթե օպերատիվ բնույթի տեղեկություններ ունեն, որոնք հիմք են դառնում նման հայտարարություններ անելու համար, նաև այդ օպերատիվ տեղեկությունները կիսեն մեզ հետ: Ես չեմ ուզում, որ տպավորություն ստեղծվի, որ անվտանգային իրադրությունը չենք գնահատում մեր տարածաշրջանում ստեղծված, բայց մյուս կողմից՝ ցանկացած քայլ, որը մեր լարումը ավելացնում է, այդքան էլ բնականաբար ընդունելի չէ. խոսքը վերաբերում է բոլոր դեսպանատների կողմից տարածվող նման հայտարարություններին»,- նշեց նա։
