Նիկոլ Փաշինյանը պարզ ասել է, որ Հայաստանը Եվրոպայի կողքին է և պատրաստ է սերտ համագործակցության ԵՄ-ի հետ. Կալյուրանդ

Հայաստանի վարչապետ Փաշինյանը պարզ ասել է, որ Հայաստանը Եվրոպայի կողքին է և պատրաստ է սերտ համագործակցության ԵՄ-ի հետ:

Այս մասին հայտարարել է ԵԽ Հարավային Կովկասի հետ կապերի պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդը Ստրասբուրգում տեղի ունեցած  Եվրամիության և Հայաստանի միջև կապերի ամրապնդման քննարկման ժամանակ:

«Սա պայմանավորված է ոչ միայն տնտեսական իրավիճակով, այլև երկրի եվրոպական արժեքների հարցում պարտավորվածությամբ և անվտանգության բարդ իրավիճակով: Ես ողջունում եմ Եվրամիության առաքելությունը Հայաստանում և հանրապետության ներգրավվածությունը խաղաղության ծրագրին: Կարծում եմ, որ հիմա ճիշտ ժամանակն է սկսել երկխոսությունը վիզայի ազատականացման հարցով և աջակցել, որ Հայաստանն ավելի լայն ընդգրկվի կապի և տարածաշրջանային այլ ծրագրերում»,- ասել է նա:

Սակայն, ըստ Մարինա Կալյուրանդի, Հայաստանը շատ գործ ունի անելու: Մասնավորապես երկիրը մեծապես կախված է Ռուսաստանից, այնտեղ է տեղակայված ռուսական բազան: Եզրափակելով իր խոսքը, Կալյուրանդը նշել է, որ 30 տարվա տառապանքներից հետո Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդն արժանի են խաղաղ ու անվտանգ ապրելուն:

Նա կոչ է արել Ադրբեջանի ղեկավարությանն ստորագրել խաղաղության համապարփակ համաձայնագիր, որը նախատեսում է միմյանց ինքնիշխանության և տարածքային անձեռնմխելիության ճանաչում, ուժի չկիրառում:

Կիսվել սոց․ ցանցերում