Կարևորել ենք ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում սերտ համագործակցությունը․ Պապիկյանը՝ Հունաստանի գործընկերոջ հետ հանդիպման մասին

Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարները անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին:

Այս մասին այսօր Հայաստանում գտնվող Հունաստանի ՊՆ ղեկավարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Երկու երկրներն ունեն միևնույն մոտեցումներն ու ընկալումները տարածաշրջանային և միջազգային անվտանգության միջավայրի ամրապնդման ուղղությամբ, որը ևս մեկ անգամ վերահաստատվել է մեր քննարկումների ընթացքում: Իմ գործընկերոջ հետ քննարկել ենք նաև Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությունը, անդրադարձել ենք միևնույն արժեքները կրող այլ բարեկամ երկրների հետ բազմակողմ ձևաչափով համագործակցության հնարավորություններին:

Կարևորել ենք միջազգային կազմակերպությունների, մասնավորապես, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում երկու երկրների սերտ համագործակցությունը:

Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ Հունաստանն առաջին պետությունն է եղել, որ պաշտպանության ոլորտում եվրոպական կառույցների և պետությունների հետ հարաբերություներում, միջազգային առաքելություններին մասնակցության և բազմաթիվ այլ հարցերում Հայաստանի համար ճանապարհ է հարթել»,- նշեց նա։

Կիսվել սոց․ ցանցերում