Քանի կոպեկ արժե ՀԱՊԿ-ից դուրս գալը, եթե ռпւսшկան գեստապոն շարունակում է վեր ընկած մնալ «Զվարթնոց»-ում. Մեհրաբյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի համոզմամբ՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումում ֆանտաստիկ բան է տեղի ունեցել:

«Երբ իրենց (-խմբ. նկատի ունի ռուսներին) թվում էր, թե, ըստ «դիցաբանության», իրենք են մեզ պաշտպանում թուրքերից, բայց Թուրքիայում մի ֆորում է տեղի ունենում, որտեղ ներկա գտնվող Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչները առանց ռուսների հրապարակային խոսում են թուրքերի և ադրբեջանցիների հետ: Բաներ կա՝ համաձայնում են, բաներ կա՝ ոչ, բայց խոսում են, ընդ որում՝ ՀՀ-ի հասցեին այս երեք օրվա ընթացքում որևէ նեգատիվ բան չհնչեց»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Մեհրաբյանը:

Ըստ նրա՝ միակ բացասականը, որ հնչել է Անթալիայում, Լավրովի ասածն է եղել. «Հասկանում եք՝ ինչ աբսուրդի հետ գործ ունենք. չեն պատկերացնում, որ կարող է լինել Հայաստան առանց իրենց, այնինչ Հայաստանի հաջողության բանաձևը նրանց զրոյացումն է և եվրոպական ապագան»:

Խոսելով Սերգեյ Լավրովի հայտարարությունների մասին, մասնավորապես, որ Ռուսաստանը հույս ունի պատասխան ստանալ Հայաստանի Հանրապետությունից՝ կապված պարտավորությունների կատարման և համատեղ ինտեգրացիոն կառույցներում, այդ թվում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ, Մեհրաբյանը նկատում է՝ Ռուսաստանի գլխավոր դիվանագետի խոսույթը արտացոլում է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկայիս վիճակը:

«Ինչ-որ իմաստով Լավրովը ճիշտ է ասում՝ այո, պետք է կողմնորոշվել: Մի թե պարզ չէ, որ մի երկիր, որը մեր դեմ վարում է հիբրիդային պատերազմ, չի կարող այստեղ ունենալ ուժային, ինֆորմացիոն ներկայություն: Ես շատ հազվադեպ եմ համաձայնում Լավրովի հետ, բայց սա այդ դեպքն է, և Հայաստանը պետք է կողմնորոշվի գործնականում և շատ արագ: Բացի դրանից՝ ռուսական ներկայությունը ՀՀ-ում պետք է լիկվիդացվի, որովհետև քանի կոպեկ արժե ՀԱՊԿ-ից դուրս գալը, եթե ռուսական գեստապոն շարունակում է վեր ընկած մնալ «Զվարթնոց»-ում և ՀՀ 4 սահմաններից 3-ում»,- ասում է քաղաքագետը:

Ըստ զրուցակից՝ Ռուսաստանն այժմ մեզ հետ հարաբերվում է «Կացինս կսրեմ՝ ծառդ կկտրեմ» սկզբունքով, սակայն, նրա խոսքով, սա հայկական կողմին չպետք է կաշկանդի իր գործողություններում. «Որովհետև, ըստ էության, Հայաստանը չունի առանց ռիսկի որևէ տարբերակ, և ՀՀ-ի համար շատ ավելի ռիսկային է մնալ այդ «ախոռում», քան մնացած այլ քայլերը, որոնք, այո, ռիսկային են, բայց իրենց հետ բերելու են հնարավորություններ, և Հայաստանը պետք է ընտրություն անի դրա մեջ»:

Միաժամանակ Ռուբեն Մեհրաբյանն ընդգծում է՝ ՀԱՊԿ-ից դուրս գալը էապես նվազեցնելու է էսկալացիաների հնարավորությունները և ոչ թե հակառակը:

«Ցանկացած էսկալացիա ի՞նչ մեխանիզմով է հնարավոր դառնում. ՌԴ-ի պատվերով, հովանավորությամբ, ռեժիսուրայով և դիրիժորությմաբ. Ադրբեջանն այստեղ զուտ բութ գործիքի դերում է, որը ժամանակ կա՝ համաձայն է լինել այդ բութ գործիքը, ժամանակ էլ կա՝ համարում է, որ այն քաղաքական գինը, որը պետք է վճարի իր գրպանով չԷ և չի համաձայնում: Մենք պետք է հասկանանք, որ էսկալացիայի հնարավորությունները նվազեցնելու համար պետք է հեռու մնանք ՌԴ-ից և ընդհանրապես Հայաստան-Ադրբեջան սահմանից ուղղակի դուրս շպրտենք ռուսներին»,- ասում է նա:

Մեհրաբյանը նաև իրավապահների ուշադրությունն է հրավիրում ՌԴ խոսափող համարվող Մարգարիտա Սիմոնյանի հայտարարությունների վրա:

«Նման դուրսպրծուկների հայտարարությունները ՀՀ-ի վերաբերյալ պետք է արժանանան քրեաիրավական հետևանքների, և ես ակնկալում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը դրան կտա պատշաճ քրեաիրավական գնահատական: Ի վերջո, պետությունը տեղո՞ւմ է: Բացի դրանից՝ միայն «պերսոնա նոնգրադա»-ն քիչ է, կան տեղեկություններ, որ նա և նրա «առանց ռուչկայով զոնտիկ» ամուսինը այստեղ ունեցվածք ունեն, պետք է բռնագրավել: Չեն կարող Հայաստանի հասցեին «հաչալ» և այստեղ ունենալ գույք»,- ասում է նա:

Հերմինե Կարապետյան

Կիսվել սոց․ ցանցերում