Այս պահին ունենք հարկային 4 կարգավիճակ․ եկամտահարկային, շրջանառության հարկը, պարզեցված և ինքնազբաղ։
Այս մասին այսօր Ազգային ժողովում ՏՏ ոլորտի օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
«Ինքնազբաղի կարգավիճակը փոխելուց հետո բավականին լիքը մարդ գնաց, որովհետև ինքնազբաղը եկել էր ՀՀ տարածք։ Անկախ մեր ենթակառուցվածքների որակից, նրանք ապրում էին այստեղ և վճարում էին բնակարանի համար, ապրելու համար ծախս էին կատարում։ Բայց բերեցին խստացրեցին, սահմանափակեցին, դրանից հետո երևի մի քանի հազար մարդ դրա պատճառով գնաց Հայաստանից, որովհետև հազարավոր մարդիկ ինքնազբաղի կարգավիճակով ՀՀ-ում գործում էին։
Երկար տարիներ է՝ ես հարց եմ բարձրացնում, ասում եմ՝ ՀՀ-ում գեներացվում է 10 միլիարդից ավելի ԱյԹի պրոդուկտ, բայց այդ պրոդուկտը մեր համախառն ներքին արդյունքի մեջ չի ներգրավվում, որովհետև միջազգային կառույցները այլ ֆորմուլա են տալիս հաշվարկելու։ Սրա մասին բարձրաստիճան գործադիր մարմնի ղեկավարները պետք է մտածեն, որ հասկանանք՝ ապագայում ոնց ենք ներկայանալու։ Նրանք, ովքեր ՌԴ-ից տեղափոխվեցին ՀՀ, բոլոր միջազգային կառույցները լավագույն կադրերի վիզաների ու բնակարանների խնդիրը լուծեցին, որ նրանք գնան Եվրոպական երկրներ, մեծ մասը դրա պատճառով է գնացել, բայց մի մասն էլ գնացել է մեր հարկային քաղաքականությունից, մեր ենթակառուցվածքների ոչ մրցունակ լինելուց, որոշ մասն էլ մեր ձմեռային եղանակային պայմանները դուր չի եկել, գնացել են Թաիլանդ, որովհետև ավելի լավ պայմաններ կան, մինչև անգամ սուրճն է անվճար»,- ասաց նա։
Սուքիասյանի խոսքով՝ բարձր որակավորում ունեցող մասնագետների հետ աշխատելու երկու ճանապարհ կա. «Մեկը մենք պատրաստենք այդ մասնագետներին, մյուսը՝ եղած մասնագետներին հնարավորություն տանք, որպեսզի նրանք տեղափոխվեն ՀՀ։ Պետք է թիրախային մոտենալ, թե ոնց լուծել այդ խնդիրները, դրանք կլուծվեն, եթե մենք ավելի մրցունակ հարթակ ստեղծենք։ Պետք է հստակ թիրախային լինի, ցանկացած կազմակերպություն տեղեկանք գրի, թե ինչպես են պատկերացնում, ու վերջնական արդյունքում կունենանք այն, ինչ պետք է ՀՀ-ին»։
