«Սպիտակ ձիով ասպետը». տղամարդը ձին գողացել ու հասցրել է 5-րդ հարկի բնակարան՝ կնոջը շնորհավորելու համար (տեսանյութ)

ՌԴ Կեմերովոյի շրջանի Օսիննիկիի բնակիչը, ով ձի է գողացել տեղի ֆերմայից և փորձել այն տալ կնոջը, կալանավորվել է մանր խուլիգանության համար։ Տղամարդը ձին բերել է բազմաբնակարան շենք և կարողացել է այն մտցնել բնակարան, հետո կնոջը հայտարարել է, թե կենդանուն նվեր է բերել Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, հայտնում է Կեմերովոյի ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։

Ինչպես նշել են վարչությունից, անվտանգության ուժերը միջադեպի մասին տեղեկացել են սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարներից և տեսանյութերից։ Դրանից հետո ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել 33-ամյա տղամարդուն և տարել բաժին, որտեղ նա հայտնել է, որ գիշերը ձին գողացել է Օսիննիկիի ֆերմաներից մեկից։

Կենդանու հետ բարձրանալով հինգերորդ հարկի բնակարանի աստիճաններով՝ նա մոտ մեկուկես ժամ ձիուն պահել է բնակարանում, որից հետո մուտքից դուրս է բերել ձին և վերադարձրել ֆերմա։

Այժմ տղամարդու նկատմամբ արձանագրություն է կազմվել ՌԴ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 20.1 հոդվածի 1-ին մասով (մանր խուլիգանություն): Նրան սպառնում է մինչև հազար ռուբլի տուգանք և մինչև 15 օր վարչական կալանք։

Գերատեսչությունում պարզաբանել են, որ Օսիննիկիի 33-ամյա բնակիչը որպես բանվոր աշխատում է Կրասնայա Օրլովկա գյուղի ֆերմայում։ Հինգ հարկանի շենքում, որտեղ գիշերը բերել է կենդանուն, բնակարան է վարձում։

Ձիու տեսանյութը մեկ օրվա ընթացքում հսկայական դիտում է ձեռք բերել սոցիալական ցանցերում։ Համացանցի օգտատերերը Կուզբասի բնակչին անվանում են «ժամանակակից արքայազն՝ սպիտակ ձիու վրա»։

Միևնույն ժամանակ, ինչպես երևում է հսկողության տեսախցիկի ձայնագրություններից, սիբիրցին փորձել է ձիուն հեծած մտնել իր սիրելիի բնակարան, սակայն չի կարողացել թամբել այն։

Կիսվել սոց․ ցանցերում