Հայաստանը դեռ չի արձագանքել միջգերատեսչական խորհրդատվությունների վերաբերյալ Ռпւսաստանի առաջարկին. ՌԴ ԱԳՆ

Հայաստանը դեռևս չի արձագանքել Ռուսաստանի Դաշնության առաջարկին՝ Երևանի «մտահոգությունները» լուծելու համար միջգերատեսչական խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ:

Այս մասին Համաշխարհային երիտասարդական փառատոնի շրջանակներում տված  ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

«Նախկինում մենք առաջարկել էինք, որ հայ դաշնակիցները միջգերատեսչական խորհրդակցություններ անցկացնեն, որպեսզի առարկայական քննարկեն և փորձեն իրենց մտահոգությունները լուծել, դեռ պատասխան չկա, գուցե հայտնվի հետո, գուցե հենց հիմա հայտնվի, նրանք դեռ չեն արձագանքել այս նախաձեռնությանը»,- ասել է նա։

Վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները բազմիցս քննադատական հայտարարություններ են արել Ռուսաստանի հասցեին, Երևանը բաց է թողել որոշ ինտեգրացիոն ձևաչափերի հանդիպումները։ Մասնավորապես, երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին, ինչպես նաև հայտարարել է, որ հանրապետությունը դե ֆակտո դադարեցրել է մասնակցությունն այս կազմակերպությանը։

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՀԱՊԿ միջոցառումներին Երևանի մասնակցության դինամիկան նվազել է, ինչը չի համապատասխանում բարեկամ հայ ժողովրդի շահերին։

Ինչպես նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Մոսկվան հույս ունի պատասխան ստանալ Երևանից՝ կապված պարտավորությունների կատարման և համատեղ ինտեգրացիոն կառույցներին, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի միջոցառումներին մասնակցելու հետ։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Երևանից հնչող հայտարարությունները Ռուսաստանի Դաշնության հետ մերձեցման սկզբնական կուրսի սխալի մասին կարող են հանգեցնել երկկողմ հարաբերությունների էական վերանայման։

Կիսվել սոց․ ցանցերում