ՌԴ-ն «պաչկեքով» «հայրենասերներ» ունի, մեկը բացել է՝ Արշակ Կարապետյանն է դուրս եկել, «ագռավը հեծնել», գալիս է. Սուքիասյան

«Քաղաքական դաշտում բոլոր այն կազմակերպությունները, որ իրենց վրա գրել են «ազգային», «ազգայնական», «համահայկական», վստահ կարելի է ասել, որ ռուսական նախագիծ են»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի ստեղծած «Համահայկական ճակատ» անունը կրող շարժմանը:

Խոսելով այս շարժման և «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության միջև՝ «Հայաստանը փրկելու և հզորացնելու» մասին կնքված հուշագրի մասին՝ Սուքիասյանը նկատում է՝ Կարապետյանը պետք է «Հայաստանը փրկեր», երբ նախարար էր:

«Ստացվում է՝ երբ նախարար էր, ՀՀ-ն չէր փրկում, հիմա, երբ ՌԴ-ում է գտնվում, որոշել է ՌԴ-ից «հեծնել» ինչ-որ արծվի վրա, որը արծիվ էլ չէ, ագռավ է, էդ ագռավի հետ գալ Հայաստանը փրկելու: Ումի՞ց են փրկում Հայաստանը, հայերի՞ց, իրենց ուզածը սա է, թող հեքիաթներ չպատմեն: Պարզ է, որ դրանք բոլորն էլ ռուսական նախագծեր են, գործակալական ցանց»,- կարծում է քաղաքական գործիչը:

Սուքիասյանը հիշեցնում է, որ այսպիսի փրկողներ էին նաև ղարաբաղյան կլանի ներկայացուցիչները, սակայն հիմա ո՜ւր են նրանք:

«Նույնը սպասում է սրանց, այս մարդիկ պարզապես տգետ են, հավի ուղեղ էլ չունեն: Առաջին հանրապետությունը սրանց նման գեներալներն են փլուզել, մինչև 1937 թվականը ՌԴ-ն իր բոլոր գործակալներին գնդակահարել է, իր մահով մահացել է միայն Միկոյանը, սրանց սպասում է նույն ճակատագիրը, նման գործակալներ ՌԴ-ն պաչկեքով ունի, այս մեկը բացել են՝ Արշակ Կարապետյանն է դուրս եկել: Հետևապես, եթե անգամ կարծենք, որ իրենց գործառույթը կկատարեն, ենթադրենք՝ Հայաստանը տապալեն, ՌԴ-ն սրանց գնդակահարելու է, որպեսզի իր ոճիրը ծածկի, ինքը մնա հայ ժողովրդի բարեկամը»,- նկատում է քաղաքագետը՝ միաժամանակ հավելելով, որ այս սցենարը չի կարող կյանքի կոչվել:

Անդրադառնալով Արշակ Կարապետյանի այն դիտարկմանը, թե ՀԱՊԿ-ից դուրս գալը ՀՀ-ի համար կործանարար է լինելու՝ Սուքիասյանն ասում է՝ ՀԱՊԿ-ից դուրս գալն այն ելքերից մեկն է, որը ՀՀ-ին կտա ազատություն, անկախություն և անվտանգ կայք. «Իրենք ինչ են ասում՝ համահայկական, չեն ասում՝ համահայաստանյան, դա ռուսական ավանդույթ է՝ ժողովուրդը պետությունից առանձնացնել: Պարզ է, որ այդքան ուղեղ չունեն և ռուսական ներշնչանքով են այդ շարժումները ուղղորդում ՀՀ անկախության, ինքնիշխանության դեմ»:

Զրուցակիցը, մեկնաբանելով նաև Կարապետյանի այն հայտարարությունը, թե երկիրը փրկելուն ուղղված՝ իրենց գործողություններին խանգարող գլխավոր հանգամանքը գործող իշխանությունն է, ասում է՝ ամեն ինչ կարելի է գործնականում ստուգել:

«Իրենք ժամանակին ասում էին՝ Արցախում իշխանափոխություն լինի՝ հարցը լավ է լինելու: Իշխանափոխություն եղավ՝ Արցախը չկա, կամ էլ իրենց ուզածը հենց դա էր՝ Արցախի հարցի լուծում հենց այդ ձևով՝ Ադրբեջանի կազմում: Հիմա նույնն էլ այստեղ են ուզում՝ Հայաստանում իշխանափոխություն և ՀՀ-ի անձնատվություն ՌԴ-ին՝ Արշակ Կարապետյանի հայրենիքին: Բայց դա չի լինելու, պետք է նկատի ունենան, որ սա այն գաղթական հայությունը չէ, որին կեղծ թեզերով կարողացան ճնշել և պետությունը հանձնել: Սա ուրիշ ժողովուրդ է, որը պարզվեց՝ նույնիսկ իր վատթարագույն օրերին կարող է պարտության կրած իշխանությանը բերել իշխանության: Նշանակում է՝ այս ժողովուրդը ինքնագիտակցություն ունի և անկախության իդեալ, հետևապես ՌԴ-ի 100 տարվա թեզերը չեն աշխատելու»,- շեշտում է նա:

Հերմինե Կարապետյան

Կիսվել սոց․ ցանցերում