Նիկոլ Փաշինյանը, այսօր անդրադառնալով Թուրքիայի դերակատարմանը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում, նշել է, որ դերակատարները պետք է չեզոք լինեն ու կառուցողական դերակատարում ունենան։ Թե արդյոք Թուրքիան կարո՞ղ է օբյեկտիվ դերակատար լինել և ի՞նչ նպատակներ ունի տարածաշրջանում, Civic.am-ը զրուցել է թուրքագետ Նելլի Մինասյանի հետ։
— Տիկին Մինասյան, ըստ Ձեզ՝ Թուրքիան կարո՞ղ է արդյոք Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մեջ լինել օբյեկտիվ դերակատար։
— Վարչապետը իր խոսքի մեջ նաև նշեց, որ ըստ էության Ադրբեջանի հետ խոսել նշանակում է խոսել Թուրքիայի հետ, որովհետև ուղղակի թե անուղղակի՝ Թուրքիայի ներկայությունը զգացվում է։ Սա նշանակում է, որ Թուրքիան չի կարող լինել չեզոք միջնորդ և, իմ կարծիքով, ընդհանրապես միջնորդ չի կարող լինել։ Կարող է ինչ-որ գործընթացներ տանել, օրինակ՝ կայունացնել կամ ապակայունացնել ինչ-որ վիճակ, բայց Ադրբեջանի հետ կապված բոլոր գործընթացներում Թուրքիան կա, ու Թուրքիան Ադրբեջանի հետ համատեղ քաղաքականություն է իրականացնում։ Այս ամենը երևում է 44-օրյա պատերազմից սկսած, ու Հայաստանի հետ հարաբերություններում իրենք ունեն հստակ դերերի բաշխում, այնպես որ՝ Թուրքիային կարող ենք կողմ համարել այս գործընթացներում։
— Այդ դեպքում ինչո՞ւ են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը պարտավորվել աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի առաջխաղացման ուղղությամբ: Ինչպե՞ս սա կմեկնաբանեք։
— Գիտեք, ԱՄՆ-ի քայլը մենք մի փոքր ավելի լայն շրջագծի մեջ պետք է դնենք։ Նախ կարծում եմ, որ ԱՄՆ-ում թուրքական գործոնի փաստը ևս շատ լավ գիտակցում են և գուցե հաշվի են առնում, որովհետև այստեղ կա նաև հայ-թուրքական հարաբերությունների խնդիր։ Երկրորդը այն է, որ ավելի մեծ մասշտաբով ենթադրում է ՌԴ-ի դերի հետ որոշակի քննարկումներ, մասնավորապես, որ ԱՄՆ-ն փորձում է Թուրքիային ամբողջությամբ դեպի արևմտյան կողմ տանել և «կաշառում է» Թուրքիային, որ եթե ՌԴ-ի հետ չգնա հարաբերությունների խորացման, ապա իրեն կտրվեն որոշակի առավելություններ։ Իրականում չեմ կարծում, որ երկարատև ռազմավարության մեջ ԱՄՆ-ն կգնա Թուրքիայի դերի ավելի ամրապնդման։
— Իսկ մեզ համար դրակա՞ն է, թե՞ ոչ, որ ԱՄՆ-ն ու Թուրքիան աշխատելու են հայ-ադրբեջանական հարաբերությունների շրջանակներում։
— Այս պահին կարծում եմ, որ կարևոր է երկխոսության խողովակների պահպանումն ու այդպիսի մեխանիզմների օգտագործումը, որը որ իրավիճակը չի տանի ապակայունացման, էսկալացիայի ու պատերազմի։ Եթե այդ առումով սա դրական դեր կխաղա, ապա կարող ենք համարել դրական:
— Թուրքիան արդյոք ցանկանո՞ւմ է, որ մեր տարածաշրջանը կայուն լինի, որովհետև որտեղ որ ինքը ներգրավված է, այնտեղ պատերազմներ են։
— Ես կարծում եմ, որ Թուրքիան կայունության այնքան էլ միտված չէ, որովհետև խաղաղության պայմանագրի ստորագրումը կամ իրավիճակի կայուն լինելը այնքան կախված չէ Ադրբեջանից, որքան Թուրքիայից։ Այստեղ խնդիրը Թուրքիայի ռազմավարական ծրագրերին է վերաբերում, մասնավորապես, միջանցքի մասին խոսակցություններին։ Հիմա տարածաշրջանում քանի որ անկանխատեսելի է հետագան, Թուրքիան իր համար թողնում է բաց պատուհաններ՝ չբացառելով միջանցքին հասնել պատերազմի միջոցով՝ օգտագործելով Ադրբեջանին։
— Մի շարք վերլուծաբաններ նշում են, որ ՌԴ-ն է Ադրբեջանին պատերազմելու կոչ անում, իսկ Թուրքիան զսպվածության կոչ է անում։ Ի՞նչ կասեք։
— Վերջին շաբաթներին է դրա մասին խոսվում, երբ Ալիևը գնաց Թուրքիա ընտրվելուց հետո, և խոսակցություն տարածվեց, թե Էրդողանը Ալիևին կոչ է արել չտրվել Ռուսաստանի ցանկություններին։ Ես այդքան էլ այդ մտքի հետ կողմ չեմ։ Օրեր առաջ հենց Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը և Ֆիդանն էին հայտարարություն արել, որ Թուրքիան ու Ադրբեջանը կդառնան թուրքական աշխարհի լոկոմոտիվը, եթե «Զանգեզուրի միջանցքը» բացվի։ Եթե նայենք, թե Ադրբեջանում ինչքան մեծ է Թուրքիայի ազդեցությունը, իմ կարծիքով՝ ավելի մեծ է, քան ռուսականը, հատկապես որոշումներ կայացնելու հետ կապված է թուրքական ազդեցությունը մեծ, և եթե Ալիևը գնա իրավիճակի լարման՝ միջանցքի հետ կապված, ապա դա կլինի Թուրքիայի հովանավորությամբ։ ՌԴ-ի դեպքում, այո, նա ցանկանում է վերահսկել այդ բոլոր կոմունիկացիաները, բայց ես նշեմ, որ այդ կոմունիկացիաների վերահսկման հետ կապված պարամետրերը կարծես թե չկան ու չեն էլ քննարկվում։
— Դուք նշեցիք, որ Ադրբեջանում Թուրքիայի ազդեցությունը մեծ է Ռուսաստանի ազդեցությունից։ Արդյոք հնարավո՞ր է, որ Ադրբեջանը պատերազմ սկսի Հայաստանի դեմ, սակայն Թուրքիան դեմ լինի դրան։
— Չեմ կարծում, որովհետև երբ ես ասում եմ ազդեցության մասին, նկատի ունեմ Ադրբեջանում ռազմական ու հատուկ ծառայությունների ոլորտում Թուրքիայի ազդեցությունը։ Իհարկե դա էլ սցենար է, բայց կարծում եմ, որ առանց Թուրքիայի Ադրբեջանը չի գնա որևէ լուրջ գործողությունների։
Դավիթ Լևոնյան
https://civic.am/politics/armenia/139181-nelli-minasyan-turqaget.html
