Ադрբեջшնի ձևակերպմամբ՝ «Խшղшղության խաչմերուկը» ուտոպիա է, որը որևէ կերպ հիմնավոր չենք համարում. Միրզոյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ սկզբունքային հարցերում առայժմ շատ շոշափելի արդյունքներ չկան:

Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ներկայացնելով Կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքը և արդյունքները՝ ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Անշուշտ, պայմանագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ կարողացել ենք առաջընթաց ապահովել, բայց սկզբունքային հարցերում առայժմ շատ շոշափելի արդյունքներ չկան: Մենք դեռ շարունակում ենք բանակցել: Բացի այդ, ոչ պաշտոնական շփումներ էլ ենք ունեցել, օրինակ՝ 3+3 ձեւաչափի, փաստացի 3+2 ձեւաչափի նախարարական հանդիպման շրջանակներում Թեհրանում: Հատկանշական է, որ այն պահից, երբ Ադրբեջանի նախագահը հրաժարվեց այդ հանդիպումների շարքից՝ սկսած Գրանադայից, նույն պահից դադարեցին նաև ԱԳ նախարարների հանդիպումները: Այդուհանդերձ, 2024-ին ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումները վերսկսվեցին Մյունխենում, ապա՝ Բեռլինում»,- ասաց Արարատ Միրզոյանը:

ԱԳ նախարարի խոսքով՝ շահագրգռված լինելով ապաշրջափակմամբ՝ հանդես են եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ. «Մենք համոզված ենք, որ այս պատկերացումներով ենթակառուցվածքների ապաշրջափակումը, ոչ միայն տնտեսապես շահավետ կլինի տարածաշրջանի երկրների համար, այլև տարածաշրջանից դուրս՝ Չինաստանից մինչև Եվրոպա, այն նաև կդառնա խաղաղությանը նպաստող էական գործոն: Ցավոք սրտի, Ադրբեջանից եղավ ձևակերպում, թե սա «ուտոպիա» է, իհարկե, որևէ կերպ հիմնավոր չենք կարող համարել այս ձևակերպումը»:

Կիսվել սոց․ ցանցերում