«Եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր։ Երկկողմ մակարդակում քննարկել ենք նաև ռազմավարական գործընկերությունները և օրինակելի հարաբերությունները Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև»:
Այս մասին Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին հայտարարել է Բաքվում կայացած Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպման արդյունքներով ճեպազրույցի ժամանակ։
«Երկու երկրներն էլ Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերներն են։ Քննարկվել են համագործակցությունը քաղաքական, տնտեսական, առևտրային, պաշտպանական, մշակութային, տրանսպորտի, էներգետիկայի ոլորտներում։ Իհարկե, մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և մարտահրավերները հաղթահարելու մեր համատեղ ջանքերին»,- ասել է նախարարը։
Դարչիաշվիլին ընդգծել է, որ Վրաստանը վճռականորեն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղ գոյակցությանը և պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղության և կառուցողական համագործակցության խթանման գործընթացին։
«Մենք հուսով ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով համաձայնության կգան և կստորագրեն խաղաղության համաձայնագիր, որը շրջադարձային կդառնա տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության համար»,- ասել է Վրաստանի ԱԳՆ ղեկավարը։
