Կարելի է պատկերացնել քարոզչական աժիոտաժը, որ Հայաստանում առաջացնելու են ՆԱՏՕ Գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի այցի առնչությամբ:
Անկասկած է, որ կարեւոր այց է, բայց բոլորովին ոչ աննախադեպ: ՆԱՏՕ գլխավոր քարտուղարն առնվազն եւս մեկ անգամ այցելել է Հայաստան: Իհարկե դա Ստոլտենբերգը չէր, որը պաշտոնավարում է 2014 թվականից:
2012 թվականի սեպտեմբերին Հայաստան է այցելել ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմունսենը, որի գլխավորած խորհրդատվական ընկերության հետ ի դեպ այսօր գործակցում է Հայաստանի կառավարությունը:
Ռասմունսենը ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի կարգավիճակում այցելել է Հայաստան: Ինչպես Ստոլտենբերգի սպասվող այցը, Ռասմունսենի 2012-ի այցն էլ ռեգիոնալ էր: Ընդ որում, այն դարձյալ տեղի էր ունենում բավականին հատկանշական աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում, որոնց մի բավականին խտացված արտացոլում էր ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի ռեգիոնալ այցից առաջ տեղի ունեցածը:
Մասնավորապես, Ռասմունսենի այցից մոտ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցավ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման օպերացիան: Առիթ ունեցել եմ արտահայտել եզրակացությունս, որին հանգել եմ հետագա մի քանի տարիների անցուդարձից, որ այդ օպերացիան Մինսկի խմբի համանախագահ եռյակի «օրհնանքը» ստացած օպերացիա էր:
