Իմ պաշտոնավարման 2.5 ամսվա ընթացքում երևի թե ՏՀՏ ոլորտը և, առհասարակ, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը ռազմարդյունաբերության հետ մեկտեղ ամենաշատն են արժանացել իմ ուշադրությանը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ՏՏ ոլորտի մասնագետները երկրից հեռանում են, քանի որ դաշտը կարգավորված չէ:
Նախարարը նկատեց՝ ամենշաբաթյա ձևաչափով անդրադառնում են հանրության շրջանում ավելի շատ կիրառելի ՏՏ օրենքին:
«Չեմ բացառում, որ նոր օրենքը կվերաբերի Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացմանը։ Պետությունն ինչ-որ քայլեր անելու է, սա ես կարող եմ երաշխավորել։ ԲՏԱ նախարարությունը երբեք այսչափ պրոակտիվ չի եղել՝ խորապես ընկալելու, հասկանալու ոլորտի խնդիրները և փորձելու գտնել իրական լուծումներ, որոնք ոչ միայն կպահեն այն տեմպերը, այլև թռիչքաձև զարգացումներ կապահովեն, չեն եղել։ Կարող եմ ասել, որ ոլորտի ներկայացուցիչները կարող են հանգիստ լինել, քանի որ պարբերաբար այդ քննարկումներն ընթանում են, և առանձին ուղղություններով մենք նաև ունենք առաջընթաց»,- ասաց Մխիթար Հայրապետյանը:
