Հատկանշական է, որ բանկային այս հարցը գալիս է «Զվարթնոցից» հետո

Մի քանի օր առաջ Հայաստանում էր Արժույթի Միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարը, որը հանդիպել է Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ: Այդ հանդիպման մասին կառավարության հաղորդագրության մեջ կար մի բավականին ուշագրավ ձեւակերպում՝ «Նիկոլ Փաշինյանը ասել է, որ Հայաստանի համար ֆինանսատնտեսական կայունությունը բացարձակ առաջնահերթություն է»:
Շատ լավ, դա առաջնահերթություն է ցանկացած կառավարության համար, այնպիսի առաջնահերթություն, որի մասին խոսելն անգամ ավելորդ է, ինչպես ավելորդ է խոսել, որ շնչելն է մարդու համար առաջնահերթություն:
Հետեւաբար, ինչպես այդ հանդիպման եւ ձեւակերպման առնչությամբ հարցադրում էի արել դրանից հետո հրապարակածս հոդվածում, հարց է առաջանում, ԱՄՀ առաքելության ղեկավարի հետ հանդիպմանը Հայաստանի վարչչապետն ինչու՞ է ասել, որ «շնչելը առաջնահերթություն» է: Արդյո՞ք դա նշանակում է, որ հյուրը դրել է որոշակի պայմաններ, որոնց առնչությամբ էլ եղել է արձագանք: Հոդվածում նաեւ նկատել էի, որ այդ հանդիպումից երկու օր անց էլ Դիլիջանում տեղի է ունենում Տնտեսական զարգացման խորհրդի նիստ, կամ այլ կերպ, պատկերավոր ասած՝ «տնտեսական անվտանգության խորհրդի նիստ»:
Այսօր ահա կարծես թե որոշակի «լույս» է սփռվում պատկերի վրա: Տեղեկություններ, որ Հայաստանի ԿԲ-ն, անհանգստանալով միջազգային պատժամիջոցներից, Հայաստանի բանկերին հորդորում է դադարեցնել ռուսական «ՄԻՐ» քարտերի սպասարկումը:
Հարց է առաջանում, արդյո՞ք ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը այցելելով Հայաստան, հենց այդ հարցը չի բարձրացրել Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը, հակառակ պարագայում նկարագրելով ռիսկերը, որ կարող է լինել Հայաստանի ֆինանսատնտեսական կայունության համար: Ի վերջո գաղտնիք չէ, որ այդ կայունության գործում ահռելի դեր ունի հենց ԱՄՀ-ն:
Առանցքային հարցն այն է, թե ինչու՞ է Հայաստանը հայտնվում այդօրինակ պայմանների առաջ: Բարդ է մտածել, թե Հայաստանում «ՄԻՐ» քարտերով օպերացիաների սահմանափակումը առանձնապես լուրջ խնդիր է առաջացնելու Ռուսաստանի համար: Հայաստան եկած ռուսաստանցիների համար՝ գուցե, բայց ընդհանուր առմամբ Ռուսաստանի համար, մեղմ ասած հազիվ թե:
Ուրեմն, միջազգային պայմանների թիրախում Հայաստան եկած ռուսաստանցիները կամ եկող զբոսաշրջիկնե՞րն են, թե՞ հենց Հայաստանը, որից, ինչպես առիթ եմ ունեցել մի շարք անգամներ արտահայտվելու, անընդհատ պահանջում են «երդվել», որ ունի ՌԴ դեմ գնալու կամք: Եվ ամեն հաջորդ քայլից հետո նրբորեն դնելու են հաջորրդ պայմանը: Հատկանշական է, որ բանկային այս հարցը գալիս է «Զվարթնոցից» հետո:
Կիսվել սոց․ ցանցերում